Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին

Armenpress 18:34, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը և պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am