Էրդողանի հայտարարած «բոյկոտը» թույլ քայլ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում. թուրքագետի դիտարկումը


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ դիվանագիտական  հարաբերություններում առաջացած ծանր ժամանակաշրջանը վերջին օրերին հանգեցրեց նաև երկու երկրների միջև «առևտրային պատերազմի»: 

Վերջին 2 տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն առաջացնող մի շարք քաղաքական գործոններ կային, լինի դա Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը, ռուս-թուրքական մերձեցումը, մասնավորապես ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի առքուվաճառքը, կամ էլ  Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի հասցեին պարբերաբար հնչող այն հայտարաությունները, թե վերջինս Սիրիայում սատարում է քուրդ «ահաբեկիչներին»:              

Չնայած 2 երկրների միջև քաղաքական խնդիրների առկայությանը՝ պետք է նկատել, որ տնտեսական հարաբերությունների վրա մինչ այժմ այդ լարվածությունը չէր ազդել:     

Դեռ ավելին՝ Թուրքիայի և ԱՄՆ միջև առևտուրը վերջին 2 տարում նույնիսկ աճել է:

Միացյալ Նահանգների առևտրի արտաքին քաղաքականությամբ զբաղվող Առևտրային ներկայացուցչության (USTR) տվյալներով 2016 թվականին ԱՄՆ-ից Թուրքիա արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 9,354.5 մլրդ, ներմուծումը՝ 8,037.1 մլրդ դոլար, 2017-ին արտահանումը` 9,741.5մլրդ, ներմուծումը՝ 9,413 մլրդ:

Իսկ 2018թ. առաջին կիսամյակում արդեն ԱՄՆ-ից Թուրքիա կատարվել է 5 մլրդ 75 միլիոն դոլարի, իսկ Թուրքիայից ԱՄՆ 5 մլրդ 78 մլն դոլարի արտահանում:                         

Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործը թերևս քաղաքական լարվածության այն կետն էր, որից հետո ճգնաժամը տեղափոխվեց նաև տնտեսական ոլորտ:     

Հոգևորականի գործով թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը հասավ նրան, որ  ԱՄՆ-ի սենատը օգոստոսի 2-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունեց:         

Իսկ անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ավելացվեց Թուրքիայից ներկվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը, ինչը նպաստեց թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկմանը:          

ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին Թուրքիայի պատասխանը չուշացավ: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին ունեցած իր ելույթում շարունակելով վերջին օրերին ԱՄՆ-ի նկատմամբ որդեգրած կոշտ հռետորաբանությունը,  հանդես եկավ ամերիկյան արտադրության էլեկտրատեխնիկան բոյկոտելու կոչով: Իսկ այսօր Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական պարբերականը, համաձայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրի, հայտնել է  ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաների ալկոհոլի, ծխախոտի, կոսմետիկ միջոցների, բրնձի, ածուխի, ինչպես նաև պլաստիկից պատրաստված իրերի մաքսատուրքերի ավելացման մասին։      

Այս համատեքստում, հատկանշական է, թե երկու երկրների հայտարարած պատժամիջոցները ինչքանով են ազդում մյուսի տնտեսության վրա: 

Նախ պետք է նկատել, որ վերջին 2 տարիների տվյալներով  ԱՄՆ-ից կատարած ներմուծման ծավալների ցուցանիշով Թուրքիան ԱՄՆ-ի 28-րդ գործընկերն է, իսկ արտահանման ցուցանիշներով ԱՄՆ ներմուծում անող երկրների ցանկում Թուրքիան 34-րդն է: Իսկ ահա ԱՄՆ-ն 5-րդ երկիրն է, ուր Թուրքիան ամենաշատն է արտահանում իրականացնում՝ Գերմանիայից , Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ և Իրաքից հետո, իսկ ներմուծման ծավալներով 4-րդը Չինաստանից, Գերմանիայից և ՌԴ-ից հետո:

Առանձնացնելով հատկապես Էրդողանի ելույթի այն հատվածը որտեղ վերջինս կոչ է անում բոյկոտել ամերիկյան արտադրության հեռախոսները, մասնավորապես iphone-ը՝ հարկավոր է շեշտել, որ ԱՄՆ-ից հեռախոսների ներմուծման արժեքը նախորդ տարի կազմել է ընդամենը 32 մլն 416 հազար դոլար, որը ընդհանուր 9 միլիարդանոց ներմուծման մեջ շատ փոքր տոկոս է կազմում: Ինչը չի կարելի ասել ավիաշինական արտադրանքի մասին: Օրինակ՝ միայն 2017 թվականին Թուրքիան ԱՄՆ-ից ներմուծել է 1 միլիարդ 543 միլիոն դոլարի ինքնաթիռներ և ավիաշինական պահեստամասեր: Փաստորեն Էրդողանի «բոյկոտը» այնքան էլ համարժեք պատասխան չէ ԱՄՆ պատժամիջոցներին և թույլ քայլ է առևտրային պատերազմում: Եվ եթե իսկապես Թուրքիայի նախագահը ցանկություն ունենար իր պատժամիջոցներով «նեղը գցել» ԱՄՆ-ին, ապա կհայտարարեր ամերիկյան արտադրության ինքնաթիռները բոյկոտելու մասին:

Ի դեպ ուշագրավ է նաև այն փաստը, որ Թուրքիայում iphone-ների վաճառքի արգելումը առաջին հերթին կվնասի հենց Թուրքիային, քանի որ վաճառված յուրաքանչյուր iphone-ի համար արժեքի 28-30%-ի չափով հարկ է վճարվում: Statcounter-ի հաշվարկներով Թուրքիայում վերջին 10 տարվա ընթացքում վաճառվել է 7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ iphone, որից երկրի բյուջե մտել է 2 մլրդ 100 մլն լիրա հարկ (մոտ 600 մլն դոլար):

Հայտարարված ամերիկյան արտադրության ապրանքները, որոնց  նկատմամբ բարձրացվում է մաքսատուրքը, նույնպես ներմուծման ընդհանուր ծավալի մեջ մեծ մասնաբաժին չի կազմում:

Իսկ ահա ԱՄՆ-ի կիրառած ալյումինի ու պողպատի մաքսատուրքերի բարձրացումը լրջորեն վնասում է թուրք արտահանողին: Այսպես, օրինակ, 2017 թվականին Թուրքիայից արտահանված երկաթի ու պողպատի ընդհանուր արժեքը կազմում է 9,5 միլիարդ դոլար, որից 1 միլիարդը միայն ԱՄՆ է արտահանվել, իսկ  նույն ժամանակաշրջանում արտահանված ալյումինի 18 միլիոն դոլար արտահանման ընդհանուր արժեքում ԱՄՆ մասնաբաժինը 3 մլն է կազմում:

Ստացվում է՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայի տնտեսության վրա, ինչը չի կարելի ասել Թուրքիայի «բոյկոտի» մասին:

Թուրքագետ՝ Աստղիկ Իգիթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am