Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում եւ մայրաքաղաք մտնող ճանապարհահատվածներում

Armenpress 21:41, 14 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին Ճանապարհային երթևեկության անվտանգության նպատակով Ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականցրին Երևան մտնող ճանապարհահատվածներում ու մայրաքաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության ընթացքում, ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեցին տրանսպորտային միջոցներ, որոշ վարորդներ մեքենան վարել էին ոչ սթափ վիճակում, կային և այնպիսիներ, ովքեր թույլ էին տվել ճանպարհային երթևեկության կոպիտ խախտումներ, ստեղծել վթարային իրավիճակներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ: 

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտեր իրականացնող վարորդները: Նրանք բոլորը ենթարկվեցին վարչական պատասխանատվության:Ուժեղացված ծառայության ընթացքում կարգազանց վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել նաև համպատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապահային ոստիկանությունը նման միջոցառումներ պարբերաբար իրականացնելու է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am