Աթենքի արվարձաններում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 95-ի

Armenpress 20:01, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արևելյան արվարձաններում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 95-ի, 30 տուժող գտնվում է հիվանդանոցներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունաստանի առողջապահության նախարարությունը:

«Երկուշաբթի մահացել է 63 տարեկան տղամարդ, ով ծանր այրվածքներ էր ստացել և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տղամարդը հրդեհից տուժել էր հուլիսի 23-ին, և այս ամբողջ ընթացքում նրան էր միացված օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող սարքավորումը: 95 զոհերից 12-ը մահացել են Ատտիկայի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Տուժածներից 7-ը ևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հուլիսի 23-ին Աթենքի շուրջ հրդեհի միանգամից մի քանի խոշոր օջախներ առաջացան, ամենից շատ տուժեց Արևելյան Ատտիկա շրջանում գտնվող Մատի բնակավայրը, որտեղից հայտնաբերվել է մահացածների մեծամասնության դիերը։ Իշխանությունները չեն բացառում, որ, շոգից բացի, հրդեհները կարող են մարդկային գործոնով պայմանավորված լինել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am