1000х90.jpg (78 KB)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի

Armenpress 19:15, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է, Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին որոշում է կայացրել բավարարել պաշտպանների բողոքը և նրան ազատ արձակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը: Նրա խոսքով`պաշտպանական կողմը բավարարված է դատարանի որոշումից:

«Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- ասաց Սահակյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը` կալանքը, որպես խափանման միջոց ընտրելը  հակաօրինական է, պաշտպանը դրական պատասխանեց. «Եթե անձեռնմխելիության հարցը այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար»,- նշեց պաշտպանը:

Խոսելով հետագա իրենց քայլերի մասին, պաշտպանը ասաց, որ սպասում են նախաքննական մարմնի գործողություններին:

« Կարծում եմ, որ նախաքննական մարմինը կբողոքարկի դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարանում»,- ասաց Ռոբերտ Սահակյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մեղադրանքը կարճվի անձի անձեռնմխելիության հիմքով, փաստաբանը չբացառեց այս սցենարը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am