Մրցանակները՝ սեփական ուժերին հավատալու միջոց. Անահիտ Մարգարյան-Անտոնյանի  «Նորամուտ»-ը

Armenpress 12:27, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա մուտքը գրականություն շատ պատահական ստացվեց: Լևոն Անանյանի անվան մրցանակը և գրող Գուրգեն Խանջյանի հետ հանդիպումը լիովին փոխեցին երիտասարդ արձակագիր Անահիտ Մարգարյան-Անտոնյանի կյանքը: «Նորամուտ»-ի հերոսն ունի ինքնատիպ ձեռագիր, պարբերաբար իր համար հայտնաբերում է սիրած հեղինակների ու նոր ստեղծագործություն է գրում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Անահիտ Մարգարյան-Անտոնյանի «Նորամուտ»-ը:

Ապրելու ու չապրելու տարիներ

Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մինչև մասնագիտություն ընտրելս և Երևանի պետական համալսարան ընդունվելս չեմ ապրել: Կամ էլ սաղմի կարգավիճակում եմ եղել մնացած 18 տարին: Պետհամալսարանի իսպանական բաժինն ընդունվելուն պես կյանքս փոխվեց: Որպես մարդ ձևավորումս պայմանավորում եմ բուհ ընդունվելով և սովորածս 4 տարիներով: Պետք է նշեմ, որ մեր գերդաստանում բոլորը սիրում են գրականություն, և մղումը գրականության նկատմամբ ի սկզբանե կար:

Առաջին քայլեր

Իմ գրական մուտքը շատ պատահական է եղել: Ամբողջությամբ պատահականությունների արդյունք էր: Մուտքս գրականություն եղել է վիպակով, կոչվում էր «Երբ դու 16 տարեկան ես»: Այդ գործի համար էլ 2016 թ. Լևոն Անանյանի անվան մրցանակ ստացա, ինչն անսպասելի էր: Գրում էի առանց մտածելու, որ հաջողություն կունենամ: Այնպես ստացվեց, որ վիպակն արդեն պատրաստ էր, և պետական աջակցության մասին հայտարարություն կարդացի: Որոշեցի դիմել: Վերջին օրով եմ տպագրության և մրցանակի հայտերը տարել:

Այս գործը գրելիս ինքնաճանաչման խնդիր չունեի, ինքնավերարտադրման կարիք կար գրականության միջոցով: Ճիշտ է, ասում են, որ պետք չէ շատ արժևորել մրցանակները: Կներեք, ես չեմ կարող մրցանակները չարժևորել, որովհետև դրանք ազդակներ, մղող ուժեր են, որ դու քեզ հավատաս: Ամեն դեպքում դու գրական միջավայրում դեռևս նորեկ ես և, բնականաբար, անվստահ ես: Այս դեպքում մարդիկ, գործողությունները, մրցանակները մեծ նշանակություն են ունենում:  

Հանդիպում Գուրգեն Խանջյանի հետ

Գուրգեն Խանջյանի հետ հանդիպումը շատ կարևոր էր ինձ համար: Առաջին գիրքս, մրցանակն արդեն կար, պատվածքի ժանրում էի ինձ փորձում: Պատմվածք էի գրել՝

«Մարդ զգայական», «Գրեթերթում» տպագրվեց, Խանջյանի մոտ գնացի, ծանոթացանք: Խանջյանը չգիտեր՝ ես ով եմ, ինչ մտքեր ունեմ, ինչ նպատակներ ունեմ: Ամեն դեպքում տվեցի գործերս՝ մեծ ակնկալիք չունենալով, բայց խիստ կարևորում էի նրա կարծիքը: Ինձ համար վճռորոշ պահ էր: Շատ բան էր կախված այդ պահից: Հաջորդ օրը երբ Խանջյանը զանգեց, կարծես մեկ այլ մարդու հետ էի խոսում: Ինձ համար շատ հուզիչ պահ էր, որովհետև անսպասելի դրական կարծիք ստացա:

Ազատագրման դրսևորում

«Անդին» ամսագրում, «Գրեթերթում» են գործերս տպագրվել: Թարգմանական աշխատանքներ էլ եմ անում:

18 տարեկանում ստեղծագործելն այլ է, հիմա՝ այլ: Շուտով 24 կդառնամ: Փորձել եմ ինձ տարբեր ոճերում, շատ էսսեներ էլ ունեմ, որ չեմ համարձակվում դեռ տպագրության հանձնել: Արձակ բանաստեղծության ձևաչափով փորձեցի արտահայտվել: Բայց, ամեն դեպքում, արձակն այն հոգեհարազատ ժանրն է, որում կարող եմ ինձ ազատ զգալ: Արձակն ինձ համար ազատագրման ինչ-որ դրսևորում է:

Չմերժելով հինը

Մեր գրողների երիտասարդական թևը հինը մերժելու հիմքով է ճանապարհ ձևավորում, որն այդքան էլ չեմ ընդունում: Ինձ համար կարևոր են ավագ սերնդի արժեքները: Իհարկե, հնարավոր է, որ դրանցից շատերն ինձ համար էլ հնացած լինեն կամ անհասկանալի: Չէ՞ որ կյանքը զարգանում է առաջ է ընթանում, և դա բնական է: Բայց ամեն դեպքում չպետք է մերժել հինը:

Հայ արդի գրականության հիմնական խնդիրն այն է, որ մենք չափազանց շատ ենք պարփակված մեր երկրում: Մարդիկ կան, որ Հայաստանից դուրս եկած էլ չկան: Մեր երկրից դուրս ցանկացած տիրույթ արդեն իսկ այլ մոլորակ է:

Սիրած հեղինակներ

Ինչքան փոփոխական եք դուք, այնքան փոփոխական են ձեր սիրելի հեղինակները: Օրինակ՝ այս պահին Կալդերոնին կառանձնացնեմ:

Շատ այլ հեղինակներից եմ ազդվել, չեմ կարող առանձնացնել մեկին:

Այլ հեղինակներից ազդեցությունը միշտ չէ, որ կարող ես զգալ հենց այդ պահին: Ես, հնարավոր է, չնկատեմ, կողքից ինչ-որ մեկը կարդա, ասի, որ այլ հեղինակի ազդեցություն է տեսնում իմ գործերում: Երբեմն, երբ մտքեր են պտտվում ինչ-որ հարցի շուրջ, դուք գուցե մեկ այլ գրքի մեջ կարդաք և զգաք, որ փնտրում էիք հենց այդ նախադասությունը: Միտքը կար, բայց մարմնավորված չէր:

Կարդում եմ հայ ժամանակակից բոլոր հեղինակներին: Ինձ հետաքրքիր է ամեն ինչ: Եթե գրականության մեջ ես, դու չես կարող անտեսել այլ հեղինակներին:

Ասում են. «Գրելը կառավարելի շիզոֆրենիա է»: Այս նախադասության մեջ կարևորը կառավարելի բառն է, կարևորն ամեն ինչ կառավարելն է:

Այս պահին վեպի կամ վիպակի վրա եմ աշխատում: Ես արագ եմ աշխատում, շուտով կվերջացնեմ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am