Փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ վարչապետ

Armenpress 17:05, 11 Օգոստոս, 2018

ԴԻԼԻՋԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։

«Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակը էականորեն պետք է փոխվի։ Ես ակնկալում եմ, որ այդ հարցով լուրջ համագործակցություն կծավալեն ազգային պարկի տնօրինությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն ու քաղաքապետարանը, որպեսզի իրավիճակի էական փոփոխություն ունենանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետը կրկին խոսեց 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական նոր ծրագրի մասին, որի շրջանակներում Հաղարծին գյուղի բնակիչները պետք է բիզնես ծրագրեր ներկայացնեն և փոխեն իրենց ընկալումները շրջակա միջավայրի նկատմամբ։

«Հույս ունեմ, որ այս ծրագրի կիրառմամբ իրավիճակն էականորեն կփոխվի։ Նշեմ, որ սա շարունակական ծրագիր է լինելու, այլ տեղերում հույս ունենք նմանատիպ ծրագրեր իրականացնել։ «Դիլիջան» ազգային պարկի ոչնչացման գործընթացը պետք է կանգնեցվի անմիջապես»,-հավելեց պաշտոնյան։

 Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ որոշ անձինք չեն փորձի մարդկանց ներքաշել իրենց նեղ շահերի մեջ։ «Կոշտ դիրքորոշում է որդեգրվելու։ Մենք այս հարցը մեկընդմիշտ կլուծենք»,-ասաց նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am