Նախորդ տարվա համեմատ 2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար

Armenpress 16:43, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող  երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 27-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում  կոչ էր արել Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինել զորակոչային տարիքի այն երիտասարդներին, ովքեր գտնվում են արտասահմանում, ինչպես նաև այն երիտասարդներին, ովքեր կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնել բանակ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am