ՊՆ «թեժ գծին» զանգերը շատացել են. հիմնականում լինում են հայտարարություններ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ

Armenpress 15:45, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՆ «թեժ գծին» զանգերի քանակն աճել է հատկապես կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

«Վերջին երկու ամսվա ընթացքում ունեցել ենք մոտավորապես 30-ից ավելի դեպք: Որոշ դեպքերում քաղաքացիներ չեն ներկայանում, մեկ այլ հեռախոսահամարից են զանգում, բայց տեղեկություն են տրամադրում: Հիմնականում զանգերը լինում են իրենց պատկերացմամբ զինվորական ծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ, ովքեր ազատվել են ոչ օրինական ճանապարհով: Նման դեպքերը առհասարակ ուղարկվում են իրավապահ մարմիններին, որպեսզի ընթացք տրվի հարցին»,- ընդգծեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս պահը 1-2 նյութ է նախապատրաստված, իսկ մնացած բողոքների մասով ուղղակի հսկողություն է սահմանված:

«Զանգեր են լինում նաև, որ N զորամասում վառելիքի վաճառք է իրականացվում: Իհարկե, այս դեպքերը այդքան մեծ թիվ չեն կազմում, բայց պատշաճ վերահսկողություն է իրականացվում»,- ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը:

Դեպքերն ուղարկվում են ռազմական ոստիկանություն, և նրանք իրենց պատասխանը հետ են ուղարկում, թե որքանով են այդ աղբյուրները վստահելի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am