Հուսահատությունը մոռացեք, միասին աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այգեհովիտցիներին

Armenpress 16:24, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրեցին իրենց մտահոգող հացերը: Բնակիչները վարչապետի հետ զրույցում նշեցին, որ համայնքում ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, մյուս կողմից էլ` կադրերի պակասը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել համայնքային ծրագրերին, սակայն համայնքը ինքը նույնպես պետք է մասնակցություն ունենա:

«Համայնքը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, ասի` կառավարություն, ասենք, դու ֆինանսավորի 70 տոկոսը, 30-ն էլ համայնքը կտա: Դա արդեն ուրիշ խոսակցություն է: Հիմա թող Այգեհովիտ համայնքի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ աշխատի, ծրագրերը ներկայացնի, մենք էլ՝ համաֆինանսավորենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Համայնքի բնակիչները նշեցին, որ երիտասարդությունը հեռանում է գյուղից աշխատանք չլինելու պատճառով: Վարչապետը կարևորեց աշխատանքի համար համապատասխան պայմանների ստեղծումը:

«Հողը կա, ջուրը կա, վարկերի հետ կապված բանկային տույժ-տուգանքների մասով առաջարկությամբ հանդես եկանք, հիմա աշխատում ենք տոկոսների իջեցման ուղղությամբ: Պետք է աշխատել, բայց մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հուսահատությունը պետք է մոռանալ և միասին աշխատել:

Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ հացի արտադրամաս կա, որն աշխատող է փնտրում 100 հազար դրամով, սակայն աշխատող չկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am