«Չենք հանդուրժելու թալանը». Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպել է ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

Armenpress 14:00, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Նրա տեղեկացմամբ, այսօր կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով:

«Ի՞նչ ունենք. պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարնեըր ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ, իրենց կողմից մասնակցություն ունենալու համար,  դրանից բացի՝ շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ  պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար: Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի, արդյո՞ք բյուջեն օգտագործվում է ամբողջ ներուժով, թե հարևան, բարեկամ, ծանոթի գույքահարկի, ընտրությունների և վստահված անձերի գույքահարկերի հետ կապված ունենք երևույթներ»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական բյուջեի դեպքում էլ է ասվում  քիչ է, բայց երբ դիտարկվում են այն մսխելու պայմանները, ապա պատկերը պարզ է լինում:

«Եթե ուզում ենք բյուջեն մեծանա, ապա պետք է արդյունավետ օգտագործենք այն: Այս վիճակը չի հանդուրժվելու: Ես չեմ ուզում լարվածություն լինի, բայց նրանք, ովքեր հին տրամաբանոթյամբ կշարունակեն, կներեք, ոչ մի բան չենք կարող անել, ստիպված ենք լինելու բռնել: Մենք չենք կարող հանդուրժել թալանը: Ես բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,-ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ իր առաջադրած պահանջների առաջին հասցեատերն ինքն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am