Հայաստանի ազգային պատկերասրահի «Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն թանգարան» մասնաճյուղը չի առանձնանա ՀԱՊ ՊՈԱԿ-ից

Armenpress 13:26, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ հանդիսացող «Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն թանգարանի ղեկավարությունը» ցանկություն է հայտնում առանձնանալ ՀԱՊ-ից՝ պատճառաբանելով բյուջեի ոչ բավարար պայմանները, անուշադրությունը, աշխատակիցների կրճատումը և այլն:

 Մասնաճյուղի վարիչ Աննա Սարգսյանի  խոսքով՝ Հայաստանի ազգային պատկերասրահը բավարար ուշադրություն չի դարձնում մասնաճյուղին: «Մենք ուզում ենք միջոցառումներ կազմակերպել թանգարանի կյանքն աշխուժացնելու համար, ուզում ենք տարբեր խմբակներ բացել, որպեսզի երեխաները գան, մոտիկից ծանոթանան վարպետների գործերին ու աշխատանքի նրբություններին: Շատ ծրագրեր ունենք, որոնք ուզում ենք իրագործել, բայց երբ դիմում ենք պատկերասրահին, ինչ-որ պատճառաբանություններով մերժում են»,-ասաց նա:

Մասնաճյուղի վարիչի խոսքով՝ տուն-թանգարանում իրականացվել են հաստիքային կրճատումներ, որի պատճառով մասնաճյուղը չունի ֆոնդի աշխատակից, հավաքարար, գիտաշխատող: «Մենք աշխատում ենք մի քանի հոգու փոխարեն: Ես վարիչ եմ, բայց նույնիսկ հավաքարարի գործառույթ եմ իրականացնում»,-նշեց նա:

«Արմենպրես»-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը մասնաճյուղի առանձնացման հարցի վերաբերյալ: Հարցմանն ի պատասխան՝ նա նշեց, որ տեղյակ է պատկերասրահի այս մասնաճյուղի՝ ՀԱՊ-ից առանձնանալու  ցանկությանը, որևէ առարկություն չունի և բավական դրական է նայում տվյալ հարցին: Նա նշել է նաև, որ նախկին նախարարներին ներկայացվել է իրավիճակը, և նմանատիպ հարցերը կարգավորվում են մշակույթի նախարարության կողմից:

«Արմենպրես»-ն հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանից, թե ինչ մոտեցումներ կան այս հարցի շուրջ: Վերջինս հարցմանն ի պատասխան նշել է, որ ելնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորություններից՝ ներկայումս նպատակահարմար չէ քննարկել ՀԱՊ ՊՈԱԿ-ի «Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան» մասնաճյուղի առանձնացման հարցը:  «Մյուս կողմից՝ փոքր հավաքածու ունեցող թեմատիկ տուն-թանգարանների գոծունեության համակարգումն ըստ դրանց բնույթի՝ առավել արդյունավետ է իրականացնել տվյալ բնագավառի խոշոր թանգարանի միջոցով»,-նշել է Տիգրան Գալստյանը:

ՀԱՊ ՊՈԱԿ-ի հիմնական ֆոնդում գրանցված հեղինակային հավաքածուները  ներկայացված են շուրջ 12 մասնաճյուղերում, որոնց թվում նաև Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում: Նույն սկզբունքով կարգավորված է նաև գրականության և արվեստի այլ բնագավառների ստեղծագործողների տուն-թանգարան մասնաճյուղերի հարցը, որոնց գործունեության համակարգումն իրականացնում է «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ը:

«Մասնաճյուղի կարգավիճակով գործելու համար հիմք է հանդիսանում նաև հավաքածուի քանակը: Այս պարագայում ևս «Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը» համապատասխանում է որպես մասնաճյուղ գործելու չափորոշիչներին»,-նշել է Տիգրան Գալստյանը:

Մասնաճյուղի ղեկավարությունը դժգոհություն էր հայտնել նաև այն մասին, որ թանգարանը շենքային վատ պայմաններում է: «Շենքը խոնավ է, հատակը նույնպես վերանորոգման կարիք ունի: Տեղեր կան, որ քայլում ենք ու միաժամանակ մտածում՝ հիմա կփլվի: Վերջին անգամ 10 տարի առաջ է կոսմետիկ վերանորոգում արվել Հ. Կոջոյանի հատվածում»,-ընդգծեց Աննա Սարգսյանը:

«Արմենպրես»-ին Մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի  «Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի հիմնանորոգման հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է և ընդգրկված է ՀՀ 2019-2021թթ. պետական բյուջեի հաշվին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում նախատեսվող կապիտալ ծախսերի ծրագրում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված է ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

 Սոնա Մկրտչյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am