Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ

Armenpress 12:27, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, վարժանքներն իրականացվում են T-72Б տանկերով: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:

Տանկիստները փուլային եղանակով իրականացնում են հարվածները հետ մղելու և պայմանական հակառակորդի ուղղությամբ գրոհների, լեռնային տեղանքի տարբեր խոչընդոտներ հաղթահարելու տակտիկական առաջադրանքներ, ինչպես նաև զուգահեռաբար ոչնչացնում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝օգտագործելով տանկի զինանոցի բոլոր տեսակները:

Վարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am