Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց

Armenpress 21:28, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am