Նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ. Արման Եղոյանն անդրադարձել է կառավարության շենքում լրագրողների գործելաոճին

Armenpress 19:44, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը պարզաբանում է ներկայացրել կառավարության շենքում լրագրողների գործունեության առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Կառավարության շենքն ունի հինգ հարկ, առաջին հարկում գտնվում է մամուլի կենտրոնը և այն նախասրահը, որտեղ սովորաբար նիստերի ավարտից հետո լրագրողները հարցազրույցներ են վերցնում պաշտոնյաներից: Հինգերորդ հարկում գտնվում է կառավարության նիստերի դահլիճը: Նիստերը ուղիղ հեռարձակվում են ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև արդեն համացանցում: Այսինքն` կառավարության նիստերը ոչ միայն բաց են, այլ հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու ուղիղ ռեժիմով:

Լրագրողների (և ոչ օպերատորների կամ լուսանկարիչների) համար կառավարության նիստերի դահլիճ մտնելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում նիստերի ավարտից հետո ոչ բոլոր պաշտոնյաներն էին համաձայնում հարցազրույց տալ առաջին հարկի նախասրահում: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ներկայում նման դեպքերը բացառիկ են: Անկախ ամեն ինչից, կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ, դրա համար նախասրահում կա հատուկ առանձնացված տարածք:

Պաշտոնյայի՝ հարցազրույց տալու պատրաստակամությունը կախված չէ նրանից, թե կառավարության շենքի ո՛ր հարկում է նա այդ պահին գտնվում: Իսկ ահա կառավարության շենքի անվտանգությունը ուղղակիորեն կապված է տվյալ պահին շենքում գտնվող մարդկանց քանակի և շարժի վերահսկելիության հետ: Լրագրողների աշխատանքային ռեժիմում որևէ բան չի փոխվել, ինչպես և նախկինում օպերատորներն ու լուսանկարիչները բարձրանում են նիստերի դահլիճ՝ տեսանյութ ստանալու, իսկ նիստի ավարտին պաշտոնյաները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ առաջին հարկի նախասրահում: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա, այն տարբերությամբ, որ հիմա ճեպազրույցների քանակն ավելացել է, իսկ կառավարության նիստերն այլևս դռնփակ լինելու վտանգի տակ չեն: Եթե պարզվի, որ կան պաշտոնյաներ, ովքեր, օգտվելով կառավարության շենքի կառուցվածքից, սիստեմաբար խուսափում են լրագրողների հետ ճեպազրույցներ ունենալուց, դա կլինի արդեն այլ խնդիր, և դրան կանդրադառնանք առանձին, ու լուծումը դժվար թե լինի կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցների սրահի վերածելը:

Ես հասկանում եմ, որ լրատվական դաշտում նախկինում եղած ավանդույթները կարող են ժամանակ առ ժամանակ ռուդիմենտար մտավախությունների պատճառ դառնալ, բայց հորդորում եմ ամեն իրավիճակ գնահատել սառը, սթափ, անշտապ, իր ամբողջության մեջ, համադրելով առկա ամբողջ տեղեկատվությունն ու հայցելով նորը, եթե դրա կարիքը կա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am