Լեւոն Բարսեղյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Armenpress 18:35, 9 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որի ընթացքում ընտրելու էին խորհրդի նախագահ և քարտուղար: Խորհրդի նիստին 24 անդամից մասնակցել է 14-ը:

Որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ առաջարկվել է 2 թեկնածու՝ Լեւոն Բարսեղյանը եւ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Վերջինս ինքնաբացարկ է հայտարարել: Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդի նախագահի քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց տնտեսագետ Կարեն Ավագյանի թեկնածությունը, այլ առաջարկներ չեղան: Կարեն Ավագյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահի քարտուղար:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am