Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է. Էդուարդ Շարմազանով

Armenpress 17:59, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը:

Հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է եւ գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Արցախի խնդրին: Այդ առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

«Արցախը փաստացի անկախ պետություն է, իսկ ԼՂ հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am