ԱՄՆ-ի և Հայաստանի երաժիշտները համախմբվել են բարեգործական ծրագրի շուրջ. Աչաջրի երաժշտական դպրոցը կունենա ջութակի դասարան

Armenpress 13:54, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի և Հայաստանի մի խումբ երաժիշտներ համախմբվել են բարեգործական ծրագրի շուրջ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում օգոստոսի 10-ին «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակում կանցկացվի բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադրվի Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին:

Լոս Անջելեսում «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, նախկինում «Շելլ» դաշնամուրային տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ծրագիրն արդեն 3 տարի իրականացվում է:

Առաջին տարին միջոցներն ուղղվել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքներին: Այցելելով հինգ ընտանիքի՝ տրամադրվել է ֆինանսական աջակցություն: Արդեն երկու տարի է ծրագրի հիմնական բաղադրիչները երաժշտությունը և ուսումն են: Նախորդ տարի բարեգործական աշխատանքներից հավաքված գումարն ուղղորդվել է Աչաջուր գյուղի դպրոցին՝ նվիրվել է երաժշտական գործիքներ, գրականություն:

«Այս տարի անցկացվելիք բարեգործական համերգից ստացված հասույթը ևս հատկացվելու է Աչաջուր գյուղին: Ինչպես նախկինում, այս անգամ ևս երաժշտական գործիքներ ենք տրամադրելու, նախատեսում ենք ջութակի դասարան բացել, երեխաների ուսման վարձը և ջութակի ուսուցչի աշխատավարձը վճարել»,-ասաց Շուշան Հակոբյանը:

«Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը նշեց, որ Աչաջրի երեխաներն իրենց շատ են ոգևորում:

«Այդ սահմանամերձ գյուղի երաժշտական դպրոցում 80 երեխա է սովորում: Նրանք ոգևորված են, սովորելու ցանկությունը մեծ է: Մենք էլ, մեր գործընկեր բարերարների հետ աջակցում ենք, որ երեխաներն ավելի լավ պայմաններում սովորեն: Շատ է ոգևորում այն հանգամանքը, որ մեր նվիրած երաժշտական գործիքներով երեխաները սովորել են, վարպետացել և մասնակցել են մրցույթների, որտեղ հաջողություններ են գրանցել»,-ասաց Ռուբեն Աղիյանը: Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ իր հեղինակությամբ լույս է տեսել «Կախարդական ջութակ» ուսումնական ձեռնարկը, որը հնարավորություն կտա շատ կարճ ժամանակահատվածում սովորել ջութակի հիմունքները:

ՀՀ վաստակավոր արտիստուհի, սոպրանո Իրինա Զաքյանը նշեց, որ մեծ հաճույքով է ընդգրկվել բարեգործական համերգի կազմակերպման աշխատանքներում:  

«Արդեն 3 տարի է ինչ մասնակցում եմ այս բարեգործական միջոցառումներին: Երջանիկ եմ, որ իմ ընկերները, ապրելով ԱՄՆ-ում, շարունակում են Հայրենիքի հետ կապը պահել, օգտակար լինել մեր երեխաներին: Ամեն տարի միանում ենք այս բարեգործական համերգին, այս անգամ հնչելու է ավելի հանրամատչելի երաժշտություն, ես և Հովհաննես Այվազյանը հանդես կգանք դուետով: Կհնչեն իտալական, հայկական երգեր»,-ասաց Իրինա Զաքյանը:

Բարեգործական համերգը կայանալու է օգոստոսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հանդես են գալու ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ Շուշան Հակոբյանը, Ռուբեն Աղիյանը, Մեգան Սանտյագոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Իրինա Զաքյանը, Հովհաննես Այվազյանը, Տիգրան Գևորգյանը: Ներկա են լինելու Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցի սաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am