Զբոսաշրջիկներն իրենց ձեռքով խաղող կքաղեն ու կմասնակցեն գինու պատրաստման գործընթացին

Armenpress 13:44, 8 Օգոստոս, 2018

ՎԱՅՈՑ ՁՈՐ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողներն «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում ծանոթացան օրգանական գինեգործության մշակույթին, պապից թոռ փոխանցված հին ավանդույթներին, տարբեր գինեգործարաններում մասնակցեցին գինու համտեսման պրոցեսին  և վերջինիս ստեղծման ականատեսը դարձան:

«Տրինիտի կանյոն» այգիների համահիմնադիր, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանի խոսքով՝ գինի արտադրելու պրոցեսը շատ հետաքրքիր ու նուրբ գործընթաց է: «Գինին երեխայիդ պես պետք է սիրես, որ համով ստացվի: Նրա ստեղծման պրոցեսը երկար է ու շատ աշխատանք է պահանջում: Բայց ամեն ինչ պետք է սիրով անել, որովհետև գինին զգում է յուրաքանչյուր վերաբերմունք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովակիմ Սաղաթելյանը:

Վերջինս այգու մի հատվածում խաղողը մշակում է հին ավանդույթով, ինչպես մեր նախնիները տարիներ առաջ: «Նպատակն այն է, որ մարդիկ պատկերացնեն, թե ինչպես է եղել նախկինում: Հասկանան, որ հայերը պետք է գինի խմեն: Եթե Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան 30-50 շիշ գինի սպառի, այգիները կշատանան, ավելի շատ գինի կարտադրենք ու կարտահանենք»,-նշեց նա:

Գինեգործի հավաստմամբ՝ բացի տեղական խաղողից, Կիպրոսից բերել են նաև արտասահմանյան սորտերի խաղողներ՝ «Սիրա», «Շարդոնե», և խաչասերել են հայկական «Արենի», «Ոսկեհատ» սորտի խաղողների հետ: «Աշխատում ենք երկու ուղղությամբ՝  գինին մշակում ենք ավանդաբար փոխանցված ձևով՝ կարասների մեջ, և դասական ճանապարհով՝ օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, խաչասերումներ ենք անում: Մենք առաջինն ենք Վայոց ձորում, որ առանց քիմիայի կիրառման գինի ենք ստեղծել: Ավելի լավ է լինի քիչ ու որակյալ, քան՝ շատ ու թունավոր»,-հավելեց գինեգործը:

Նա մտահոգություն հայտնեց նաև այն մասին, որ Արցախում նվազում է այն կաղնու անտառների թիվը, որից գինին պահելու համար կարասներ են պատրաստում: «Հարկավոր է ուշադրություն դարձնել այս խնդրին: Տնկելու ծրագիր չունենք, կգա մի օր, որ այդ անտառները կվերանան»,- ընդգծեց նա:

«Տրինիտի» ՍՊԸ-ն տարեկան 20-25 հազար շիշ գինի է արտադրում:

Հայաստանում հայտնի «Գետնատուն» գինու գործարանի այգիները գտնվում են Վերնաշեն գյուղում, ծովի մակերևույթից 1400-1500 մետր բարձրության վրա: Այգու մի հատվածում աճում են «Սև Արենի» և «Ոսկեհատ» տեսակի խաղողները, իսկ մյուս հատվածում պտղատու ծառեր են աճում:

«Այգում ունենք ծիրանի, խաղողի, սալորի և մի շարք այլ ծառեր, որոնց բերքն օգտագործում ենք մրգային բրենդիների արտադրության համար:  Նախատեսում ենք զարգացնել ագրոտուրիզմը, ընդունել տուրիստների, որոնք կմասնակցեն բերքահավաքին և գինու պատրաստման գործընթացին»,-նշեց գինեգործ Աղասի Բաղդասարյանի թոռնուհի Լուսինե Բաղդասարյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ մրգային բրենդիները հնեցնում են կաղնու տակառներում 5-6 տարի ժամկետով, այնուհետև արտահանում Ռուսաստան, Լեհաստան, պայմանագիր ունեն նաև Եվրոպա արտահանելու համար:

«Գետնատուն» գինու գործարանը միջազգային մրցույթում արժանացել է ոսկե և արծաթե մեդալների: Գործարանը տարեկան 100-150  հազար շիշ գինի է արտադրում, որից  70%-ն արտահանվում է:

«Հին Արենի» գինու գործարանի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ «Սև Արենի» խաղողն էնդեմիկ է: «Այս տեսակը հազարամյակների ընթացքում ձեռք է բերել ցրտադիմացկունության հատկանիշ: Այն ունի մի այլ առանձնահատկություն ևս. դրանից ստացվում է սպիտակ հյութ, հետո մշակում ենք և ստանում կարմիր ու վարդագույն գինիներ: Իհարկե, համերով տարբերվում են, բայց նույն տեսակի խաղողից ենք ստանում»,-ընդգծեց նա:

«Հին Արենի» գինու գործարանը տարեկան 150-180 հազար շիշ գինի է արտադրում, բայց 300 հազար շշի հասցնելու հնարավորություն կա:  

«Մենք շատ ուրախ ենք, որ գործարանում հիմնականում երիտասարդներ են: Նախ՝ ապահովվում է նրանց աշխատանքային զբաղվածությունը, սովորում ու սերունդներին են փոխանցում գինի արտադրելու ավանդույթը, գաղտնիքները, համ էլ չեն գնում գյուղից, ինչը շատ կարևոր է»,-նշեց Վարդան Մկրտչյանը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ ծրագիրն աշխատում է մշակութային տուրիզմի զարգացման ուղղությամբ, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում տարբեր տուրիստական մթերքներ են ստեղծվում: «Մենք աշխատում ենք նաև փառատոնների, արհեստագործների ու թանգարանների հետ, որպեսզի օգնենք զարգացնել նրանց կարողությունները, որպեսզի տուրիստական շուկայում ակտիվ դերակատարում ունենան: Գինու գործարանի համար դժվար է արտասահմանում վաճառել իր մթերքը, մանավանդ՝ եթե ոչինչ չգիտեն այդ գործընթացի մասին: «Իմ Հայաստան» ծրագիրն օգնում է լուծել այդ հարցը: Օգնում է ներկայացնել այդ տարածաշրջանը որպես գինու երկրամաս, որ տուրիստները գան, տեսնեն, ծանոթանան»,-եզրափակեց ծրագրի ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am