1000х90.jpg (78 KB)

Պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ քայլն Իրանի տնտեսությունը դնում է վատ վիճակում. Գոհար Իսկանդարյան

Armenpress 11:26, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ  այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու մասին, ակնհայտ էր, որ գնալու է պատժամիջոցների վերականգնման քայլին:

«Հաջորդ փուլը նոյեմբերին է սպասվում, երբ էլ ավելի են խստացվելու պատժամիջոցները, որոնք անդրադառնալու են նավթագազային ոլորտին: Պետք է փաստենք, որ Թրամփի հայտարարությունից հետո արևմտյան 150-200 ընկերությունները, որոնք այս ընթացքում գրանցվել էին և փորձում էին աշխատանքներ իրականացնել Իրանում, դուրս են գալիս և ավելի վատ վիճակում են դնում երկրի տնտեսությունը»,-ասաց Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց, որ թեպետ եվրոպական երկրները հայտարարում են, թե չեն միանալու պատժամիջոցներին, սակայն տեսնում ենք, որ եվրոպական բիզնեսը նույնպես դուրս է գալիս Իրանից: Նրանք դիմում են այդ քայլին, որովհետև Թրամփը շատ կոնկրետ հայտարարել է՝ այն ընկերությունները, որոնք Իրանի հետ կաշխատեն, հնարավորություն չեն ունենա իրենց գործունեությունը ծավալելու ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա իրանագետը նշեց, որ դրանք ակնհայտ են. պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են թողնելու Իրանի տնտեսության վրա: Իրանի արժույթն արժեզրկվելու է, շղթայական ռեակցիայով երկրում տեղի են ունենալու ցույցեր, երբ մասնակիցները բողոքելու են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից: Պահանջ է լինելու, որ Իրանի իշխանությունները դադարեցնեն օգնությունը տարածաշրջանային երկրներին և իրենց ուշադրությունը բևեռեն երկրի տնտեսական հարցերի վրա:

«Ներքին բողոքները միշտ են եղել, պարզապես վերջին մեկ տարվա ընթացքում դրանք սաստկացել են, սոցիալական խնդիրները զգացնել են տալիս: Սրանից էլ օգտվում է ԱՄՆ-ն՝ ասելով, որ Իրանի ժողովրդի կողքին է, որ իրենց պահանջները համընկնում են Իրանի ժողովրդի պահանջների հետ: Բնականաբար, բողոքներ, դժգոհություններ լինելու են, հուսով եմ, որ Իրանի իշխանությունները կփորձեն կարգավորել օրեցօր ահագնացող խնդիրը»,-հավելեց իրանագետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ: Դրանք հետաձգվել էին 2016 թվականի հունվարին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումից հետո: Պատժամիջոցների՝ օգոստոսի 7-ին սկսվող առաջին փուլի շրջանակում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթի:  Դրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսված է ուժի մեջ մտցնել ընթացիկ տարվա նոյեմբերի  4-ին: Վերջին փուլը, ինչպես ընդգծված է հրամանագրում, ենթադրում է պատժամիջոցների վերականգնում՝ կապված  նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ: Կլինեն պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, պատկանում են նավաշինական ճյուղին, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am