1000х90.jpg (78 KB)

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության օրը

Armenpress 19:23, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել նաև Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետք»-ին հայտնել է, որ ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 42, ՀՅԴ խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը: Հայտնի է, որ ՀՀԿ-ից ստորագրահավաքին միացած պատգամավորների թվում են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը: Ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորների և ՀՅԴ խմբակցության 3 պատգամավորի անունները դեռ չեն հրապարակվել:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am