«Փյունիկ»-ը ոչ մեկից չի վախենում. Անդրեյ Տալալաև

Armenpress 19:07, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքով Թել Ավիվի «Մաքաբի»-ի առավելություններից մեկը թիմի մարզիչն է:

«Ամեն փուլի հետ մեզ ավելի բարդ մրցակիցներ են բաժին ընկնում: Եթե «Վարդար»-ում անհատապես լավ զարգացած ֆուտբոլիստներ էին, ապա չկար թիմային կազմակերպված խաղ, որ կգերազանցեր մեզ: «Տոբոլ»-ն ավելի լավ կազմակերպված էր, սակայն չուներ անհատական ֆուտբոլիստներ: Հիմա խաղալու ենք մի թիմի հետ, որտեղ կա կազմակերպված խաղ և անհատապես զարգացած ֆուտբոլիստներ: «Մաքաբի»-ն եվրոպական մեծ փորձ ունի: Երկու տարի շարունակ Եվրոպայի լիգայի խմբային փուլում են հանդես գալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Տալալաևի խոսքով՝ «Մաքաբի»-ի առավելություններից մեկը մարզչն է, ով մեծ աշխատանք է տանում թիմում: ««Մաքաբի»-ի խաղին նայելով տեսնում ենք մարզչի ձեռագիրը: Հաճել կլինի նրանց դեմ խաղալ և մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրանց: Սակայն մենք ոչ մեկից չենք վախենում»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը օգոստոսի 7-ին կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am