Համամասնական բաց, թե փակ ցուցակներ. տարակարծություններ ընտրակարգի հարցում. քաղաքագետի անդրադարձը


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ աշխատանքային խումբն ավարտել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումների փուլը: Ձևավորված առաջարկների նախնական փաթեթը կուղարկվի վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողով: Աշխատանքային խմբի կազմած նախագծում, բացի ԱԺ 4 խմբակցությունների տեսակետներից, ներառվել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների առաջարկները: Ենթադրելի է, որ հանձնաժողովը կուսումնասիրի ԱԺ ներկայացրած առաջարկների փաթեթը և հանդես կգա դրա վերաբերյալ սեփական մեկնաբանություններով:

Ուսումնասիրելով 2 աշխատանքային մարմինների կողմից հնչեցված նախնական առաջարկներն ու օրենսդրական կարգավորման մեխանիզմների հնարավոր տարբերակները՝ կարելի է նկատել, որ այդ դրույթների մեծ մասը հիմնականում համընկնում են: Դրանց թվում են Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրային ռադիոյով  տրամադրվող անվճար եթերաժամերի ավելացման, ընտրական շեմի իջեցման, հեռուստաբանավեճերի կազմակերպման, կանանց քվոտավորման, ընտրակեղծիքները բացառող նոր մեխանիզմների ներդրման և այլ դրույթները:

Միակ առանցքային և վիճահարույց հարցը, որի վերաբերյալ առկա է որոշակի տարակարծություն, ընտրակարգի ընտրությունն է:

ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ի տարբերություն «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների, որոնք նպատակահարմար են գտնում փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգի կիրառումը,  հանդես են եկել համամասնական բաց ցուցակներով ընտրակարգի օգտին: Թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաև վարչապետին առընթեր հանձնաժողովը՝ առաջարկելով  անցում կատարել պարզ համամասնական համակարգին (փակ ցուցակներով):

Բաց ցուցակներով համամասնական համակարգը ենթադրում է, որ ընտրության ժամանակ քաղաքացիները, բացի կուսակցությանը իրենց քվեն տալուց, պետք է քվեարկեն նաև կուսակցական ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին: Իսկ փակ ցուցակներով ընտրակարգի պարագայում ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն կուսակցությանը: Ճիշտ է, քվեաթերթիկի վրա նշվում են միայն ցուցակի առաջին 3 թեկնածուների անուն-ազգանունները, բայց մյուս թեկնածուների հերթական համարների դասավորվածությունը ևս նախապես հրապարակվում է:

Հիրավի, անվիճարկելի է պնդումը, որ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն ժողովրդավարության տեսանկյունից առավել ընդունելի տարբերակ է: Այս համակարգի գործառնության  պարագայում քաղաքացիներն հնարավորություն են ստանում իրենք որոշել ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը և ըստ այդմ` նաև իրենց կուսակցության՝ ԱԺ-ում ներկայացվելիք հավանական կազմը: Սակայն, արտաքուստ ինչքան էլ ակնառու լինեն այս ընտրակարգի առավելությունները, պետք է նախևառաջ հաշվի առնել տվյալ հասարակության քաղաքական մշակույթի յուրահատկությունները: Այստեղ էական նշանակություն ունեն քաղաքացիների ընտրական վարքի առանձնահատկությունները և դրա վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:

Անդրադարձ կատարելով ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններում կիրառված ռեյտինգային համակարգին և այդ ժամանակ քաղաքացիների ընտրական վարքի դրսևորումներին՝  տեսանելի է դառնում, որ մրցակցությունը հիմնականում տեղի է ունեցել  անձերի միջև, ինչի արդյունքում հետին պլան է մղվել կուսակցական, գաղափարական մրցակցությունը: Ակնհայտ է, որ առաջարկվող բաց ցուցակներով ընտրակարգի պարագայում տեղի է ունենալու նորից անձնավորված ընտրություն, ինչը գործնականում չի տարբերվելու նախորդ ռեյտինգային համակարգից:

2015 թվականի ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում հաստատվել է խորհրդարանական կառավարման համակարգ, որն ավելի շատ ենթադրում է ոչ անձնավորված,  կուսակցական մրցակցություն: Ուստի, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական առանձնահատկությունները, առավել նպատակահարմար է հենց փակ ցուցակներով ընտրակարգի կիրառումը: Այն հնարավորություն կընձեռի քաղաքացիներին  ընտրություն կատարել կուսակցական ծրագրերի միջև, ինչը կմեծացնի նաև հավատը դեպի կուսակցական գաղափարախոսությունները:

Պարզ համամասնական համակարգով ընտրությունը հեշտ կազմակերպելի է նաև տեխնիկական առումով, քանի որ ընտրողները ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված 100-ից  ավել թեկնածուների ցուցակում:

Իսկ ինչ վերաբերում է արդեն կուսակցական ցուցակների՝ ժողովրդավարական մեխանիզմներով կազմելու խնդրին, ապա այստեղ օգնության է գալիս ԱՄՆ-ում  լայն կիրառում ստացած «փրայմերիզի» մեխանիզմի կիրառումը: Այն իրենից ենթադրում է նախնական քվեարկություն կուսակցությունների ներսում, ինչի շնորհիվ կուսակցությունները հնարավորություն կունենան հասարակական նախապատվությունների հիման վրա կազմելու սեփական ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը:

Մնում է հուսալ, որ Հայաստանում կհետևեն համաշխարհային փորձի դրական օրինակներին, ինչն էլ իր հերթին կնպաստի խորհրդարանական համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Մովսես Հարությունյան,

Քաղաքագետ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am