ԱՀ պետնախարար Մարտիրոսյան «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի հետ հանդիպմանը կարեւորել է բանկերի ունեցած դերը տնտեսության զարգացման գործում

Armenpress 19:06, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը:­ Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:

Արսեն Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Ա. Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության ոլորտում վարկային պրոդուկտների նորացման, ինչպես նաև հանրապետության շրջաններում մատչելի վարկատեսակներ տրամադրելու շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am