Երևանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված. փորձագետի գնահատականը


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավականին լայն արձագանք  է ստացել հատկապես թուրքական մամուլում: Որոշ լրատվամիջոցներ այն որակեցին որպես «պատմական» և «անակնկալ հայտարարություն»: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ... Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»:

Արդյո՞ք վարչապետի հայտարարությունը Հայաստանի կողմից դիրքորոշման որևէ փոփոխություն է նախատեսում:

Նախ, վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առիթ է ունեցել անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ յուրաքանչյուր անգամ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Հատկանշական է, որ մայիսի 11-ին Ստեփանակերտում արված նման հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նշելով Հայաստանի կողմից «Թուրքիայի նկատմամբ թշնամական» և «Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմանների նկատմամբ սխալ» դիրքորոշումից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Տեսակետ, որը որևէ առնչություն չունի իրականության հետ:

Երկրորդ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առանց որևէ նախապայմանի եղել և մնում է թուրքական ուղղությամբ ՀՀ որդեգրած քաղաքականության  հիմնական սկզբունքը: Դեռևս 2008թ-ին Հայաստանը նախաձեռնեց Ֆուտբոլային դիվանագիտությունն ու Ցյուրիխյան ողջ գործընթացը՝ նպատակ հետապնդելով Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Սակայն գործընթացը տապալվեց, քանզի Թուրքիան խախտեց ստանձնած պարտավորությունները և սկսեց Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով Ղարաբաղյան հակամարտության հետ: Թուրքիան այսօր էլ շարունակում է իր այդ ապակառուցողական քաղաքականությունը, ուստի ՀՀ կողմից այս հարցում որևէ զիջում ակնկալելն առնվազն անտրամաբանական է:

Այլ հարց է, թե որն էր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի հետ հարցազրույցում նման հայտարարություն անելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության համար հստակեցրեց և վերահաստատեց, որ հայ-թուրքական սահմանը Հայաստանի կողմից բաց սահման է, և Թուրքիան է ապակառուցողական քաղաքականություն վարող կողմը: Ըստ էության, հայ-թուրքական փակ սահմանի խնդիրը կարելի է դիտարկել նաև արժեքային համակարգի հարթությունում, ինչը միջազգային հանրության համար կարող է լինել բանականին ընկալելի: Մասնավորապես, սահմանի մի կողմում առկա է իշխանության կենտրոնացում ավտորիտար ղեկավարի ձեռքում, իսկ մյուս կողմում՝ ժողովրդավարացման ճանապարհով ընթացող իշխանություն:  Այսպիսով Թուրքիայի կողմից  փակ սահմանը կարող է դիտարկվել որպես ժողովրդավար Հայաստանի նկատմամբ ճնշում և ագրեսիա:

Իսկ թե ինչու հատկապես հիմա Փաշինյանի հայտարարությունը թուրքական մամուլում որակվեց որպես բացառիկ, պատճառը, թերևս, այն է, որ միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա ճնշումների աճի ֆոնին թուրքական հանրության մոտ ստեղծվել են ակնկալիքներ, որ թուրքական իշխանությունները երկրում ժողովրդավարության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում կգնան որոշակի զիջումների: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Էրդողանի Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով և միակողմանիորեն փակ է պահում հայ-թուրքական սահմանը:

Ամփոփելով պետք է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Al Jazeera-ին տված հարցազրույցում իր մեծ որևէ նորություն չի պարունակում, առավել ևս չի նախատեսում Թուրքիայի հետ հարաբերություններում որդեգրված քաղաքականության որևէ փոփոխություն: Եվ եթե մոտակա շրջանում թուրքական կողմից այս համատեքստում որևէ կառուցողական քայլ չարվի, Հայկական կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնության հավանականության մասին հնարավոր կլինի խոսել  երբ Թուրքիայում կլինի առավել հավասարակշռված և պատասխանատու իշխանություն: 

Փորձագետ

Գրետա Ավետիսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am