Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը

Armenpress 11:25, 2 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը: Տարին բարեբեր է, բայց նախորդ տարվա համեմատ, այս տարի հացահատիկի ցանքատարածությունները մոտ 7 հազար հեկտարով պակաս են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ցանքատարածությունների պակասի պատճառը ՀՀ կառավարութան կողմից սերմնարտադրության ու սերմնաբուծության ծրագրի կասեցումն էր: «Խնդիրը՝ համայնքների կողմից ծրագրի նախորդ տարիների պարտքը չհավաքագրելն էր. չնայած պետությունը զիջեց, բայց այդպես էլ ծրագիրը չշարունակվեց: Միևնույն ժամանակ, գյուղացիական և ֆերմերային այն տնտեսությունները, որոնք ունեին 7 հա և ավելի հողատարածք, ընդգրկվեցին ՀՀ կառավարության էլիտային և սուպերէլիտային սերմնարտադրության ծրագիր: Նմանատիպ 7 տնտեսություն այս պահին բերքահավաք է իրականացնում»:Ընդհանուր առմամբ, 4-5 տոննա միջին բերք է ապահովվում: Միջինից ցածր բերք հիմնականում մարզի լեռնային և նախալեռնային հատվածում է գրանցվում: «Չնայած տարին բարեբեր էր, բայց քանի որ ցանքատարածությունները պակաս էին, համախառն արտադրանքը կմոտենա նախորդ տարվա ծավալներին: Ակնկալվում է մոտ 120 հազար տոննա հացահատիկի համախառն բերք»,-նշեց Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ Շիրակն ընթացիկ տարի ունի 35 հզ հա հացահատիկի ցանքատարածություններ, մինչդեռ նախկինում ունեցել է մինչև 45 հազար հա ցանքատարածություն:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am