Շատ կարևոր է, որ արվեստագետը նորություն ներմուծի արվեստ. Մովսես Հերկելյանի հարցազրույցը


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի ստեղծագործությունների վաճառքն այսօր աշխարհում տարածված, շահութաբեր ու հեղինակավոր ոլորտներից է հանդիսանում։ Այն միանգամից մի քանի խնդրի լուծում է ապահովում։ Նախ, արվեստի առևտուրը տվյալ երկրի մշակույթի տարածման լավագույն միջոցներից է, հետո այն ապահովում է տաղանդավոր արվեստագետների նյութական կայունությունը, գալերեաներում կազմակերպվող ցուցահանդեսների շնորհիվ աշխուժանում է նաև խոշոր քաղաքների հասարակական ժամանցի մտավոր ոլորտը։

Եթե  ազնիվ և համեստ գտնվենք, ապա պետք է փաստենք, որ արվեստի բիզնեսը Հայաստանում բավական սահմանափակ և մասնավոր բնույթ է կրում և չունի ձևավորված գործելաոճ ու կանոնակարգ։ Ցանկացած ստեղծագործող արվեստագետի համար կայացած գալերիստի հետ համագործակցելը երազանք է, քանզի դա և՛ ճանաչում է, և՛ ապահովություն։

Կրկին հայրենիքում է լիբանանահայ արվեստաբան-գալերիստ, Բեյրութի «Նոազ արք» արվեստի գալերեայի համահիմնադիր  տնօրեն,  Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի): Արվեստի 36 միջազգային փառատոնների մասնակից գալերիստ ըսիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին։ Պարոն Հերկելյանը զրույցի ընթացքում ներկայացրեց իր  բազմամյա մասնագիտական փորձառությունը։

Որքան էլ զարմանալի է՝ ծնունդով լիբանանահայ Մովսես Հերկելյանն իր երկու մասնագիտությունն էլ ստացել է հայրենիքում։ Առաջին կրթությամբ գրականագետը չի բավարարվում միայն մեկ մասնագիտության պաշարներով և ուսումը շարունակում է արվեստաբանական բաժնում։ Ավաղ, հայրենիքում ստացած գիտելիքներն երկար տարիներ չեն ծառայում հայրենիքին, որովհետև 1981 թ. իբրև այլախոհ արտաքսվում է խորհրդային իշխանությունների կողմից և հեռանում Բեյրութ։ Միայն 2000 թ. նա կրկին վերադառնում է Հայաստան և այս անգամ թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Ազգային ակադեմիայում պաշտպանում իր թեկնածուական թեզը «80-ականների ամերիկահայ կերպարվեստը» թեմայով ։

Մեր զրույցի հիմնական բովանդակությունը արվեստի գալերեաների կայացման հաջողության բանաձևի շուրջ է ծավալվել և հույս ունենք, որ այն օգտակար խորհրդատվություն կլինի այս ոլորտի կայացման գործում շահագրգիռ  մասնագետների համար։

-Պարոն Հերկելյան, գաղտնիք չէ, որ արվեստի առևտուրը բավական բարդ ոլորտ է, ինչպես՞ ձեզ հաջողվեց այն նվաճել և այդչափ հաջողել։

- 1995 թ. Հենրիկ Իգիթյանը եկավ Բեյրութ և ինձ առաջարկեց դառնալ Երևանում նոր հիմնված  «Նոյյան տապան» ընկերության չորրորդ անդամը։ Սկզբում որոշել էինք, որ «Նոյյան տապանը» պատկերասրահ պետք է լինի, հետո իրերի բերումով գրախանութի վերածվեց։ Ընկերության չորս անդամներով որոշեցինք նաև «Նոազ Արք» (անգլերենից թարգմանաբար՝ Նոյյան տապան) անվանումով մի պատկերասրահ հիմնել Բեյրութում․ վերջինս կյանքի կոչվեց 1996-ին, այդ թվականին բացվեց նաև ցուցասրահի առաջին ցուցահանդեսը, որի հիմնական մասնակիցները՝ աբսուրդ սյուրռեալիզմի ներկայացուցիչ ռուս և հայ գեղանկարիչներ էին։

- «Նոազ Արքը» ե՞րբ արձանագրեց իր առաջին խոշոր հաջողությունը։

-1999 թ. Բեյրութ եկավ PAL expo-ի տնօրեն Պատրիկ Բարերը, այդ օրերին շատ մեծ ցուցահանդես էր կազմակերպվում Ժնևում։ Պատրիկ Բարերը Միջին Արևելքից մասնակից ընտրել էր միայն «Նոազ Արք»-ը։ Երբ Բարերին հարցրի՝ ինչո՞ւ է միայն «Նոազ Արքն» ընտրվել, ասաց՝ միայն այս գալերեան է, որ պրոֆեսիոնալ գործելակերպ ունի, արվեստը տարբերվող է և ինչ-որ թարմություն ու նոր երանգ կհաղորդի այդ ցուցահանդեսին։ Այսինքն, հետխորհրդային շրջանի աբսուրդ սյուրռեալիստների արվեստը նորույթ էր Արևմուտքում։

- Ի՞նչ հաջողություններ կարողացաք արձանագրել և ի՞նչ գնահատականի արժանացաք Ժնևի այդ հոբելյանական ցուցադրությանը։

- Ժյուրին ընտրեց աշխարհի լավագույն 40 նկարիչներին և այդ ցանկում ներառվեց իմ ներկայացրած հեղինակներից Վահրամ Դավթյանը։ Այնուհետև, Գրուերի(«L” ART Fantastique») ժամանակակից թանգարանի տնօրենը և հոգաբարձությունը, իբրև 40-ից լավագույնը Վահրամ Դավթյանի «Կեսգիշերային խաղ» գործը կախեց թանգարանում։ Իմ առջև բացվեցին աշխարհի արվեստի գրեթե բոլոր դռները։

- Կրկին անդրադառնանք ձեր  հաջողության գաղտնիքներին, կան արդյո՞ք մանրամասներ, որոնց դեռ չեք անդրադարձել։

-Այս մասին ասելիք, իհարկե, շատ ունեմ, փորձեմ նշել կարևորները․

առաջին՝ ներկայացվող արվեստի որակն է, որ պահանջում է արտահայտչականություն և ինքնատիպություն, այսինքն, շատ կարևոր է, որ արվեստագետն ինչ-որ հատկանշական նորություն ներմուծի արվեստ,

երկրորդ՝ մատուցած նյութի գնի, որակի և հռչակի համապատասխանությունը․ չի կարելի արվեստը վերածել ապրանքի,

երրորդ՝ գնորդին վստահություն ներշնչելը․ իմ գնորդը գիտի, որ ես ցանկացած իրավիճակում պատրաստ եմ ետ վերցնել նկարը և պատասխանատվություն կրել ամեն խնդրի պարագայում, նա ստեղծագործության հետ ստանում է նաև այդ գործի ինքնությունը հաստատող վկայական,

չորրորդ՝ արվեստը խնայել չի սիրում, ամեն ինչ պետք է լինի շքեղ և բարձրորակ, շատ կարևոր է պատկերագրքի և բրոշյուրի բարձրորակ տպագրությունը, որոնց ձևավորումը պետք է լինի լուրջ և առանց ավելորդությունների։

Գալերեաների հաջողության մեջ կարևոր է  մասնագետ-կուրատոր լինելը։ Արվեստ վաճառողը պետք է չզլանա և գնորդին ներկայացնի գործը, խոսի արվեստի մասին, մեկնաբանի, հարկավոր է նվաճել արվեստասերի վստահությունը։ Երբ գնորդը սկսում է հասկանալ, նա ավելի է հետաքրքրվում արվեստով։ Գալերեան տաճար է՝ մշակույթի տուն և ոչ խանութ, այստեղ միայն վաճառքով չէ, որ հարկավոր է զբաղվել։

-Իսկ ի՞նչ կասեիք ձեր հոդվածների մասին, ինչով են դրանք յուրահատուկ, ինչու՞ են ձեզ ընդունում և բարձր գնահատում միջազգային ասպարեզում։

- Ներկայիս այլ արվեստաբանների համեմատ նախ տարբեր է հոդվածներիս մոտեցումը, հետո շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ես առաջին կրթությամբ գրականագետ եմ, զբաղվել եմ նաև հնագիտությամբ։

Իմ հոդվածներում ես երբեք չեմ գովաբանում, ներկայացնում եմ այնպես, որ կարդալու ժամանակ ընթերցողը սկսում է տեսնել հեղինակի արժանիքները։

Կարծում եմ, էական նշանակություն ունի նաև այն, որ ես ինձ համար հայտնաբերել եմ, թե ի՞նչ են որոնում արվեստի մեջ բոլոր արվեստագետները։ Ստեղծագործական երկունք ապրելիս նրանք փնտրում են մարդկային այն արժեքը, այն էությունը, որ արտաքին ոչնչից կախված չէ՝ դա իր էությունն է, իր ես-ը, բանական մարդու արժեքը։ Երբ վերլուծում եմ արվեստը, իմ կիզակետը սա է, այս եմ փնտրում։

- Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են Հայաստանում ցուցասրահները  քիչ և պասիվ։

- Պատճառներից մեկը մեր մեծահարուստների կոլեկցիոներ չլինելն է, իսկ նրանք, ովքեր նկար են գնում, նախընտրում են դասականներին, քանի որ դրանք ընդունված են, իսկ երիտասարդներին չեն վստահում չճանաչելու պատճառով։ Հաջորդ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք քարոզում մեր արվեստը, օտարամոլ ենք, օտարի գործը գնում են, մերը՝ ոչ։

Մենք դրսում կայացած մասնագետներ ունենք, հարկավոր է նրանց հրավիրել Հայաստան ու ներգրավել արվեստի զարգացման գործընթացին, պետք է կիրառել նրանց կուտակած միջազգային փորձը։

-Զրույցի վերջում կցանկանայի նշեիք այն միջազգային թերթերն ու ամսագրերը, որտեղ դուք տպագրվում եք, կարծում եմ, շատերը կցանկանան ծանոթանալ ձեր հոդվածներին։

- Fine Art (Նյու Յորք), Luxe Immmo (Մոնակո), Mandy Morning (Բեյրութ), L.I. ARTC (անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով տպագրվում է հինգ քաղաքներում՝ Փարիզ, Մոնակո, Մոսկվա, Լոնդոն, Նյու Յորք)։

Պատրաստեց Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am