Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Armenpress 12:25, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին: Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության և Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի միջև գործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am