Գեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում ավարտին է մոտենում մեղրաքամը

Armenpress 11:47, 31 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու-երեք շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում մեկնարկել է մեղրաքամը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզի մեղվաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները, մեղրաքամի արդյունքները գոհացուցիչ են. մեկ մեղվափեթակից միջինը ստացվում է 15-20 կիլոգրամ բերք: Առանձին տնտեսություններում բերքատվությունը շատ ավելի բարձր է ստացվում: «Ես ունեմ 12 մեղվաընտանիք: Արդեն ավարտել եմ մեղրաքամը՝ 1 մեղվափեթակից մինչեւ 27 կիլոգրամ մեղր միջին արդյունքով: Մեղվաընտանիք կար, որ մինչեւ 40 կիլոգրամ բերք տվեց, մեղվաընտանիք էլ կար, հազիվ 5 կիլոգրամ ապահովեց: Ամեն դեպքում, մեղրի արտադրության համար նպաստավոր տարի ստացվեց: Արդյունքներն ավելի բարձր կլինեին, եթե հուլիսի սկզբի տաք ու չորացնող քամիները չլինեին: Բերքատվությունը նաեւ կախված է խնամքից, տեղանքի բուսականությունից, մեղվաընտանիքի արտադրողականությունից»,-ներկայացրեց Գավառ քաղաքի վաստակաշատ մեղվաբույծ, նախկին պետական աշխատող Ռաֆիկ Խանդանյանը:«Տարին անչափ նպաստավոր սկսվեց մեղրի արտադրության համար, ամեն ինչ կատարյալ ընթացքով էր գնում, միայն հուլիսյան շատ շոգ ու շատ անձրեւոտ եղանակները փոխեցին իրավիճակը: Ամեն դեպքում, մեկ մեղվափեթակից ստացվում է 15-20 կիլոգրամ բերք»,-նկատեց Ավազան գյուղի բնակիչ, մեղվաբույծ Սարգիս Լալայանը:Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում հաշվառված է մինչեւ 41 հազար մեղվաընտանիք: Նույն վարչության կանխատեսումներով՝ Գեղարքունիքում այս տարի կարտադրվի մինչեւ 700 տոննա մեղր:Մեղրաքամը կավարտվի օգոստոսի առաջին կեսին:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am