Իտալիայի Հանրապետության նախագահը դստեր հետ այցելեց Մատենադարան

Armenpress 19:40, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում նրանց ներկայացրին հայ գրչության կենտրոնները, այնուհետև ծանոթացրին հայ գրերին, Աստվածաշնչին, Ավետարանին: Այցի վերջում Իտալիայի նախագահին նվիրեցին երկու գիրք: Սերջիո Մատարելան էլ իր հերթին նվիրեց մեդալ:

Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա Իտալիայի բարձրաստիճան պատվիրակության երրորդ այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնի մակարդակով։

2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոն դոլար, ինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոն դոլար, որը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Նախորդ տարի Իտալիայի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ին Հայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանք, աճը կազմել է 17.4 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am