Նախազգուշացում, տուգանք. Ոստիկանությունն ու մարզային կառույցները հատուկ ուշադրություն են դարձնելու աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերին  

Armenpress 09:41, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ  չնախատեսված տեղում աղբ թափելու դեպքում տուգանքներ սահմանելու օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 26-ին:

«Այժմ քննարկումներ ենք անցկացնում ՀՀ ոստիկանության, մարզային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը և անհրաժեշտության դեպքում կիրառեն տուգանելու դրույթները: Օրենսդրական նոր փոփոխություններով տուգանքներն ավելի կոնկրետացել են: Տուգանքի չափը կախված է այն հանգամանքից, թե աղբը որտեղ է թափվում, ինչ ծավալի է, ինչ տեսակի: Տուգանքները սկսվում են 15 հազար դրամից: Ի դեպ, այստեղ պետք է ընդգծեմ, որ մեր նպատակը սոցիալական խնդիր առաջացնելը չէ, կլինի նախազգուշացում, հետո տուգանք, սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքացու գրպանին կպնելու դեպքում տեղաշարժ նկատվում է»,-ասաց Նարինե Ավետյանը:  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում են աղբանոցներն ու դրանց կարգավիճակը: Նարինե Ավետյանը նշեց, որ  նախորդ տարի բավական աշխատանք իրականացվեց աղբավայրերի գույքագրման ուղղությամբ:

 «Փաստն այն է, որ մենք Հայաստանում չունենք միջազգային նորմերին համապատասխանող աղբավայր: Հայաստանում բոլոր աղբավայրերը աղբանոցներ են: Նախորդ տարի գույքագրվեցին բոլոր աղբանոցները: Հաշվարկվեց  2031 աղբանոց: Համայնքների կողմից մինչ այսօր դրանցից 1645-ը փակվել են: Աղբանոցների փակման գործում առաջին հերթին հաշվի է առնվել այն հանգամանքը, թե դրանք որքանով են մոտ բնակելի տներին, որքան վնաս են պատճառում շրջապատին, բնակիչներին: Ունենք փոքր համայնքներ, որտեղ կա 4-5 աղբանոց: Հրահանգվել է մեկը պահել, բարեկարգել, մնացածը փակել»,-նշեց նախարարության ներկայացուցիչը: Այս մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքներում:

Ներկայում քննարկվում են աղբահանության ռազմավարական ուղղությունները: Անհրաժեշտ է հասկանալ՝ ուզո՞ւմ ենք ունենալ աղբավայրեր, թե պետք է սկսել աղբը վերամշակել՝  չպահելով այդքան աղբանոցներ: Նարինե Ավետյանի կարծիքով, ամեն դեպքում աղբավայրեր, երևի թե, կլինեն: 2016 թվականին ընդունված ռազմավարության համաձայն նախատեսվում է հանրապետությունում պահել ամենաշատը 10 աղբավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան, բնակավայրերից հեռու, սանիտարական նորմերի պահպանմամբ:

Ներկայում այդպիսի չափանիշներով աղբավայրի կառուցման երկու ծրագիր կա: Մեկը նոր աղբավայրի կառուցումն է Նուբարաշենում, մյուսը՝ Հրազդանում: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի այդ մարզերում կամ հարակից հատվածներում աղբանոցների փակմանը:

«Տասը  տարի առաջ ոչ ոք չէր գալիս և չէր խոսում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու մասին: Հիմա պատկերն այլ է. հետաքրքրվողները շատ են: Միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայրեր ունենալը թույլ կտա պոտենցիալ ներդրողներին հասկանալ, այսպես ասած, հումքի ծավալը, հաշվարկներ անել: Հավատացնում եմ, Հայաստանում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու պահանջարկ կա»,-ասաց նա:

Մինչ աղբի վերամշակմանը հասնելը, Նարինե Ավետյանը կարևոր համարեց հասարակության հետ աշխատանքը, աղբը տեսակավորելու մշակույթ ձևավորելը:

«Հասարակության հետ աշխատանքը լուրջ խնդիր է, մարդիկ պետք է լայնորեն իրազեկվեն, իրենց մտածելակերպը փոխեն: «Մաքուր Հայաստան»-ի շրջանակում իրականացվում էր մեծ արշավ, կազմակերպվում էր խոշոր շաբաթօրյակ, մարդիկ իրենց ձեռքով մաքրում էին փողոցները, այգիները, հաջորդ օրն այդ նույն մարդիկ էլ աղտոտում էին: Հենց այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը ՝ տեղեկացնելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր շունչ կստանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am