Վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ. ի՞նչ է կարևորել Նիկոլ Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին տարբեր շրջանակներում որոշակի շահարկումների առիթ դարձավ։

Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձևաչափում։ Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Սոչիում Ն. Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման։ Ուստի վարչապետի մասնակցությունը նաև միջկառավարական խորհրդի նիստին որոշակի հարցեր էր առաջացրել։ Ինչպես պարզաբանել էր ինքը՝ վարչապետը, իր մասնակցությունը պայմանավորված է իրավական դաշտում առկա որոշակի անհամապատասխանությամբ։ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 14-րդ հոդվածում նշվում է. «Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է»։ Այսպիսով, քանի դեռ Պայմանագրում առանձին արձանագրության տեսքով տեղ չեն գտել համապատասխան փոփոխություններ, Խորհրդի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր էր ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստին։ Պետք է ընդգծել, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերին, ուստի այդ թվում նաև վերը նշված անհամապատասխանությունները, հավանաբար, կրում են ժամանակավոր բնույթ և մոտ ապագայում կստանան համապատասխան կարգավորումներ։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետն իր ելույթում անդրադարձել է նիստի օրակարգային որոշ հարցերի, որոնց թվում էին նաև ԵԱՏՄ թվային օրակարգը, մաքսային համագործակցության, գազի ընդհանուր շուկայի ձևավորման, արդյունաբերական համագործակցության, ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման, գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման և այլ հարցեր։

Կարևոր է, որ Ն. Փաշինյանն ընդգծեց թվային ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ապագայի տեսլականն, ինչպես նաև ԵԱՏՄ թվային օրակարգին աջակցության հարցում փորձի փոխանակման կարևորությունը, որում Հայաստանը կարող է ապահովել իր դրական ներդրումը։

Մեկ այլ կարևոր հարց էր գազի ընդհանուր շուկայի ստեղծման արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու անհրաժեշտությունը՝ հատկապես, հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած քննարկումների զգայունությունը։

Բազմակողմ համագործակցության այս և այլ հարցերում պետք է հաշվի առնել ԵԱՏՄ անդամ պետությունների առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց համար հավասար հնարավորությունների պահպանումը։ Հայաստանի պարագայում էական նշանակություն ունեն ինչպես երկրի իրավաքաղաքական առանձնահատկությունները, այնպես էլ էքսկլավային դիրքը ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ, ինչի հաղթահարումը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է։

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից մեկ այլ կարևոր հարց է կառույցի ընձեռած հնարավորությունների լիարժեք բացահայտումն ու օգտագործումը, ինչպես նաև այլ տնտեսական գոտիների հետ համագործակցության ապահովումը, որում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ։

Վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում բավական կարևոր էր նաև հանդիպումը մի քանի տասնյակ հայ գործարարների հետ։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում նոր ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ Ն. Փաշինյանն ընդգծեց երկրում կատարվող այն գործընթացները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանում տնտեսական գործունեություն վրա։ Մասնավորապես կարևոր շեշտադրում էր այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ կերպ ուղղված չէ բիզնեսին, ընդհակառակը, այն ստեղծում է ավելի ապահով և անվտանգ ներդրումային, ինչպես նաև առավել հասանելի բիզնես միջավայր։

Ամփոփելով՝ նշենք, որ պարբերական հանդիպումները ԵԱՏՄ գործընկերների հետ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել և վերհանել հարաբերություններում առկա խոչընդոտներն ու լուծել խնդիրները, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Բելառուսում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am