Շիրակի երկրագիտական թանգարանը վերջապես շենք ունի


ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ արկղներում պահված «հարստությունը» վերջապես հանրությանը ներկայացնելու հնարավորություն կլինի: ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոց, 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը դեռ մայիսի 27-ին գրություն էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին։ Կառույցը, հիվանդանոցի այլ կառույց տեղափոխվելուց հետո, դատարկ էր:Նախարարն անձամբ այս ընթացքում այցելեց Գյումրի՝ եղավ երկրագիտական թանգարանում, ծանոթացավ պայմաններին:Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարիների ընթացքում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանությանը, հնագիտությանը, մարդաբանությանը, ազգագրությանը, դրամագիտությանը, գեղարվեստական կյանքին, նոր և նորագույն պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութերի հավաքածուներում:Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին, թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ:Թանգարանը 1990 թվականից ուղղակի կապերի մեջ է Նանտի Դոբրեի թանգարանի հետ, որի արդյունքում իրականցվել են աշխատակիցների փոխադարձ ստաժավորումներ, հազվագյուտ հնագիտական իրերի անվճար վերականգնում Ֆրանսիայում և այլ միջոցառումներ: Համագործակցության արդյունքում 1996 թ. Նանտում և 1998 թ. Լիոնում կայացավ ,Հին Հայաստանի գանձերը» խոշոր ցուցահանդեսը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am