ՀՀ վարչապետը ռուսահայ գործարարներին է ներկայացրել կառավարության տնտեսական առաջնահերթությունները

Armenpress 19:26, 26 Հուլիս, 2018

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին: Վարչապետն ընդգծել է, որ դրանցից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որը ուսումնասիրման փուլում է, ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան: Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն:  Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը:

 Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի. «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է՝ օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am