Արմեն Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի շրջանավարտների հետ

Armenpress 14:53, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձեւաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Նախագահ Սարգսյանն էական է համարել պետության զարգացման տեսլական ունենալը: «Պետք է ձեւավորենք ոչ միայն մեր տեսլականը , այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես եւ  որ ուղղությամբ է զարգանալու, մենք այդ ընթացքում որտեղ ենք գտնվելու: Տեսլականին համահունչ՝ պետք է ունենանք ծրագիր, որում հստակ կնշվեն առաջընթաց ապահովող ոլորտները, եւ ամեն կերպ քաջալերենք դրանց զարգացումը»,- նշել է նախագահը: Ընդգծելով երիտասարդների, որպես վաղվա առաջնորդների, դերը՝ նախագահը կարեւորել է նրանց ներուժը՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am