1000х90.jpg (78 KB)

Ինչ նպատակ էր հետապնդում փոխվարչապետ Միրզոյանի այցն ԱՄՆ. փորձագետի կարծիքը

Armenpress 14:44, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ դարձավ քննարկումների առարկա: Փորձենք ամփոփել Միրզոյանի՝ փոխվարչապետի պաշտոնում ԱՄՆ առաջին այցի հիմնական արդյունքները:

Այցի ժամկետի ընտրությունը

ՀՀ փոխվարչապետի՝ ԱՄՆ այցի հիմնական նպատակը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունը և Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցի ներկայացնելն էր։ Սակայն այցի ժամկետները նաև կարևորվում են՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Նախևառաջ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ (նոյեմբերի 8) ամերիկյան կոնգրեսականների հետ ակտիվ շփումները կարող են նպաստել ՀՀ շահերին առնչվող քայլերի ակտիվացմանը և խնդիրների բարձրաձայնմանը:

Միևնույն ժամանակ, կոնգրեսականների հետ շփումներում անհրաժեշտ է հստակ տարանջատել դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ տարվող աշխատանքները: Եթե դեմոկրատ կոնգրեսականների համար, առնվազն հայտարարությունների մակարդակում, առավել քան ընկալելի և գնահատելի է Հայաստանում վերջին շրջանում գրանցված ժողովրդական առաջընթացը, ապա հանրապետական կոնգրեսականների համար կարևոր է լիարժեք պատկերացնել երկկողմ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի այդ, ԱՄՆ հետ հարաբերությունների ակտիվացումը կարևոր է նաև այն պատճառով, որ վերջին ամիսներին ամերիկյան ուղղությամբ նկատելի է ադրբեջանական դիվանագիտության զգալի ակտիվացում:

ԱՄՆ-ից աջակցության ակնկալիք

Անկախությունից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է շուրջ 2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն, ինչն, իհարկե, դրական է ազդել ՀՀ-ում տարբեր ոլորտների, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման վրա:  Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ երկրում մեկնարկել են բավական լայն բարեփոխումներ և անզիջում պայքար կոռուպցիայի դեմ, բնականաբար, նկատվում է միջազգային աջակցության (տեխնիկական, փորձագիտական, ֆինասնական) որոշակի անհրաժեշտություն, առավել ևս, եթե հաշվի առնենք միջազգային տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնչեցրած դրական արձագանքները:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ-ում առկա իրողությունները: ԱՄՆ նոր վարչակազմն ունի հայտարարված նպատակ՝ նախևառաջ առաջնորդվել ԱՄՆ շահերով (Թրամփի հայտարարած սկզբունքը՝ “America First”): Ուստի,  նպատակահարմար է, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առավելապես առաջնորդվի  փոխշահավետ գործընկերության, այլ ոչ թե օգնության վրա հիմնված հարաբերությունների սկզբունքով, ինչը կմեծացնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետաքրքությունը ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում: Այս առումով, օրինակ, դրական էր այցի ժամանակ Միրզոյանի կողմից հնչեցրած շեշտադրումն առ այն, որ ՀՀ-ն  և ԱՄՆ-ն պետք է խորացնեն համագործակցությունը Սիլիկոնային հովտում:

Փաշինյան-Թրամփ սպասվող հանդիպում

ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ վերջիններս  բարձրաձայնեցին սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման անհրաժեշտության մասին: Անշուշտ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները չպետք է սահմանափակվեն միայն կոնգրեսականների (առավել ևս դեմոկրատ) հետ շփումներով և բավական կարևոր էր, որ այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև գործադիր թևի ներկայացուցչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ: Հատկանշական է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հայտարարությունն առ այն, որ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման կազմակերպումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական և նպատակաուղղված աշխատանք:   

Սփյուռքի հետ կապերի զարգացում

Հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում առկա դրական արձագանքը Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ կարող ենք փաստել, որ այսօր կա ՀՀ-Սփյուռք հարաբերություններին նոր թափ հաղորդելու ներուժ: Այս առումով դրական էր ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումները և քննարկումներն ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ ինչպես իրենք փաստեցին՝ որպես «Թավշյա հեղափոխությանն անմիջական մասնակցություն ունեցած առաջին ՀՀ պաշտոնյայի»:

Միևնույն ժամանակ, նկատվում է Սփյուռքի հետ աշխատանքի գործիքակազմի վերանայման անհրաժեշտություն, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների և անհատների ներուժը: Այս փուլում անհրաժեշտ է  առավել ամրապնդել և կանոնավոր դարձնել  իշխանությունների և ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների միջև կապերը՝ ուղղորդելով վերջիններիս քայլերն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարող ենք փաստել, որ այսօր ՀՀ համար առավել արդիական է դառնում ԱՄՆ հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և զարգացումը: Սակայն, որպեսզի այդ ուղղությամբ տարվող աշխատանքները լինեն առավել արդյունավետ, անհրաժեշտ է մշակել համագործակցության հստակ օրակարգ, որը կենթադրի երկկողմ համագործակցություն տարբեր մակարդակներում և հաշվի կառնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի առանձնահատկությունները: Սա թույլ կտա առավելապես օգնության վրա հիմնված հարաբերություններից անցում կատարել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի: 

Լիանա Հովհաննիսյան

փորձագետ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am