Ադրբեջանում «հայկական լրտեսների գործով» սպանված զինվորականներից մեկի կինը բացահայտումներ է արել  

Armenpress 14:48, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ և Թարթառի շրջանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող, վարորդ Սեխվեթ Բիննեթովի կինը ամուսնու սպանության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Սեխվեթ Բիննեթովի կինը՝ Խավար Հագվերդիևան նշել է, որ իր ամուսինը սպանվելուց հետո անմեղ է ճանաչվել:

Խավար Հագվերդիևան հայտնել է, որ իր ամուսինը 2017 թ. մայիսի 8-ին գնացել է աշխատանքի և տուն չի վերադարձել: Նրա փոխանցմամբ՝ զորամասից տեղեկացրել են, որ ամուսնուն ձերբակալել և տարել են դիմակավորված անձինք, և պարզ չի եղել, թե ովքեր են եղել ձերբակալողները:

Կնոջ փոխանցմամբ՝ մայիսի 16-ին բերել են ամուսնու դին և հայտնել, որ նա «հայրենիքի դավաճան է եղել և ծախվել է», չթույլատրելով բացել դիակը:

Զինվորականի կինը նշել է, որ ամիսներ անց իրավապահ մարմինները խոստովանել են, որ իր ամուսինը անմեղ է եղել, և որ այս գործով տրված վկայություններում նրա անունը չի եղել:

2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ  մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:

Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 10 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` մնացած 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել են արտադատարանական մահապատիժներ:

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հուլիսի 18-ին հրապարակել էր 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:

 ԽԿԿ-ի զեկույցում նշվում էր, որ կոմիտեի տպավորությամբ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:

Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև վերոնշյալ զինվորականների հարցին և նշվել, որ զինվորականները, Թարթառի զորամասերում պահվելուց հետո, տեղափոխվել են Մինգեչաուրի շրջանի չգործածվող զորամասեր, պահվել և խոշտանգումների ենթարկվել զինվորական ոստիկանության կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am