Կառավարությունն ընդունելի համարեց Ծառուկյան դաշինքի պատգամավորների նախագիծը  

Armenpress 11:20, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառա­­վա­րու­թյան առաջար­կությանը:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդա­մակ­ցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամե­նատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական մի­ու­թյուն­ներին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրեն­քով: «Այդպիսով, անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամա­վճար­ներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջո­ց­նե­րից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակ­ցա­կան միության համար»,- ասաց Թանդիլյանը:  Ըստ հիմնավորման, օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք ան­կա­խու­թյունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստա­հությունը, կընդլայնվի աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակը և էապես կթեթևացնի նրանց աշխատանքային իրա­վունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը:

Կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: Իսկ  եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկա­մուտների և ծախսերի փոփոխության:  «Նախագիծն ընդունելի է և որոշակիորեն հնարավորություն է տալիս արհեստակցական միություններին ունենալ անկախություն»,- ասաց  Թանդիլյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am