Ֆինանսների նախարարը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հուլիսի 15-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ռազմավարությունը` մատնանշելով կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները:

Նախարար Ջանջուղազյանը կարևորել է գործակցային հարաբերություններում նախաձեռնությունների շարունակականության և վարքագծի կանխատեսելիության ապահովումը:

Անդրադառնալով հարկային ոլորտի բարեփոխումներին` Ֆրենսիս Մալիժը հույս է հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները խթան կհանդիսանան երկրի տնտեսության հետագա զարգացման համար:

Քննարկվել են նաև պարտքը կայունացնող քաղաքականությանը, հարկաբյուջետային կանոններին, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմանադրամի հետ համագործակցությանը, երկրի ներդրումային միջավայրին առնչվող հարցեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am