ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ

Armenpress 15:24, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հուլիսի 26-ին մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում, եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- հայտնել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am