Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը:

«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին: Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,- նշեց առաջին փոխվարչապետը:

Նա անդրադարձել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից Հայաստանի դուրս մնալու հանգամանքներին: «Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի ռեյթինգը ցածր միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր միջինի, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներով կարող են հնարավոր գործընկեր համարվել այն պետությունները, որոնք բավարարում են մի շարք չափանիշների, այդ թվում և` չեն հասել բարձր միջինի: Դասակարգման փոփոխության հետևանքով մեխանիկորեն Հայաստանը դարձել է այս ծրագրին չհամապատասխանող երկիր, որը զարմանք է առաջացրել նաև հենց «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակում: Հիմա ԱՄՆ որոշ պաշտոնյաներ նույնպես չգիտեն` ինչպես վարվել ստեղծված իրավիճակում»,- նշել է Միրզոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`փոխվարչապետի խոսքով` այժմ հարկավոր է մտածել նոր մեխանիզմ, որով Միացյալ Նահանգները կկարողանան իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսեց նաև ԱՄՆ կատարած այցի նպատակների մասին: «Առաջնահերթ նպատակը «Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորում»-ին մասնակցությունն էր, և Հայաստանի ազգային կամավոր զեկույցի ներկայացումը: Այդ միջոցառման շրջանակում նաև նախատեսված էին երկու հարակից միջոցառումներ, որոնք Հայաստանը հանձն էր առել իրականացնել»,- նշել է առաջին փոխվաչապետը:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները:

«Հանդիպումներ ունեցանք UNDP-ի ղեկավարի հետ, հանդիպումներ ունեցանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Գարո Արմենի հետ, ՀԲԸՄ կազմակերպած միջոցառմանը ներկա եղանք, հանդիպումներ ունեցանք ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ: Այնուհետև Վաշինգտոնում տեղի ունեցան մի շարք երկկողմ հանդիպումներ բավական ազդեցիկ կոնգրեսականների ու սենատորների հետ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ, այլ պաշտոնատար անձանց հետ, և այդ հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք Հայաստանի նոր քաղաքական առաջնորդությունը, ներկայացրեցինք Հայաստանում վերջին զարգացումները, հեղափոխությունը, այն արժեքները, որոնք ընկած են հեղափոխության հիմքում, և, այսպես ասած, միով բանիվ ամերիկյան վարչակազմին ներկայացրեցինք նոր իրավիճակը Հայաստանում: Նաև շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների խորացման վերաբերյալ, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցույց տրվող աջակցությունը քննարկվեց, առևտրային կապերի խորացումը, ուղղակի ներդրումների մեծացման հնարավորությունը և Հայաստանի համար շահավետ այլ հարցեր»,- նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով` վարչապետի աշխատակազմի համար ԱՄՆ կատարած այցը արժեցել է 4.5 մլն դրամ, սակայն պատվիրակության կազմում եղել են նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց ծախսերը կատարվել են տվյալ նախարարությունների բյուջեներից: Պատվիրակության հետ ԱՄՆ-ում է եղել նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը, ում ուղևորության ծախսերը հոգացել է հեռուստաընկերությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am