Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ

Armenpress 18:03, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 24-ին, Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար ու ընդգծեց. «Այն, որ իմ առաջին այցը կատարեցի դեպի Կիպրոս արդեն իսկ ազդակ է, որ մենք, իսկապես բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և պատրաստ ենք դրանք ավելի ամրապնդելու»։

Ջերմորեն ողջունելով նախարարին՝  Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար։ «Ես տեսնում եմ, թե որքան ակտիվ եք Դուք, հետևում եմ Ձեր հանդիպումներին։ Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, ու, թերևս, նաև դա է պատճառը, որ մենք միշտ աջակցում ենք ձեզ, իսկ դուք՝ մեզ»,- նշեց պարոն Ֆոտիսը։

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձավ նաև Կիպրոսի Հանրապետությունում բնակվող հայերին ու նրանց խնդիրներին՝ նշելով, որ իրենք միշտ փորձում են աջակցել հայկական համայնքին, որպեսզի վերջիններս պահպանեն իրենց ազգային դիմագիծը։ «Մենք դա անում ենք հայկական դպրոցներին ու եկեղեցիներին աջակցելով։ Մենք ուզում ենք, որ հայերը չկտրվեն իրենց արմատներից: Մենք էլ ունենք սփյուռք ու քաջատեղյակ ենք, թե ինչ խնդիրների են բախվում հայրենիքից հեռու բնակվող մարդիկ»։

Անդրադարձ կատարվեց նաև համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերին՝ կարևորելով այդ ծրագրերում որքան հնարավոր է երիտասարդներին ներգրավելու գաղափարը։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ հանդիպելու է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու է «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am