1000х90.jpg (78 KB)

«Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է ներկայացնեն իրենց գործադիրի կազմը». Խոսրով Հարությունյան

Armenpress 13:33, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ապագա կառավարության կազմը։ Այսպիսի առաջարկով հուլիսի 24-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հանդես եկավ ՀՀԿ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը։

«Ցանկացած կուսակցություն ընտրությունների գնալիս ներկայանում է հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականով, խոստումներ է տալիս։ Հանրությունն այս կամ այն կուսակցության նկատմամբ վստահությունից ելնելով քվե է տալիս։ Այն կառույցը, որը պետք է արդարացնի հասարակությանը տված խոստումները, մեր սահմանադրությամբ կառավարությունն է, և նրանք պետք է հրապարակեն այն կազմը, որը պետք է լինի կառավարությունում ու արդարացնի այդ խոստումները»,- նշեց Խոսրով Հարությունյանը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս պարագայում ԶԼՄ-ները կկարողանան քաղաքական ուժերի միջև կազմակերպել արդյունավետ բանավեճեր, իսկ մեծամասնություն ստացած ուժի կողմից այս եղանակով ձևավորված կառավարությունը կարելի է համարել ընտրված։ «ԶԼՄ-ները հնարավորություն կունենան կազմակերպել առարկայական բանավեճեր տարբեր ուժերի նույն ոլորտի նախարարների միջև։  Արդյունքում հանրությունը հնարավորություն է ստանալու՝ լսելով այդ ոլորտի ապագա ներկայացուցչին, հասկանալու, թե որքանով կարող են լուծվել իր խնդիրները։ Մյուս կողմից՝ այդ անձինք են պարտավորություններ ստանձնում, իսկ այս կառավարությունը դե ֆակտո դառնում է ընտրված, որովհետև ընտրողը ձայն տալիս արդեն նախօրոք իմանում է, թե այդ ուժի հաջողության հասնելու դեպքում ով է լինելու ապագա վարչապետը, նախարարը և այլն»,- ասաց Հարությունյանը։

Այս առաջարկը պարտադիր չի լինելու։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են իրենց ստվերային կառավարությունը չներկայացնել ու բանավեճերին չմասնակցել, սակայն Հարությունյանի խոսքով՝ այս պարագայում այդ քաղաքական ուժի նկատմամբ հանրության վստահությունն այնքան էլ մեծ չի լինի։ ՀՀԿ ներկայացուցչի առաջարկը չի հակասում նաև կոալիցիոն կառավարություն ձևավորելու խնդրին։ Այս դեպքում արդեն քաղաքական ուժերն իրենք կորոշեն, թե ով կլինի տվյալ ոլորտի նախարարը։

«Կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում պետք է հաշվի առնել, թե որ ոլորտում այդ կուսակցության ներկայացուցիչը կկարողանա բավարարել հանրության սպասելիքները։ Այս առաջարկը կբարձրացնի նախընտրական պայքարի որակը»,- նշեց Խոսրով Հարությունյանը։

ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ ինքն այս առաջարկը ներկայացրել է դեռևս 2001 թվականին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am