Ոստիկանության Դիլիջանի բաժանմունքում յուրացվել է ավելի քան 41 մլն դրամ. հարուցվել է քրգործ

Armenpress 15:38, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության  Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի  այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել:

Բացի այդ, Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում իրեն ավել է վճարել  4.522.448 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս: 

Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am