Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը վերաբերող նկատառումներ

Armenpress 09:36, 23 Հուլիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով ինչպես պատշաճ օրենսդրության ընդունումը, այնպես էլ իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը հուլիսի 12-ին մտել է ուժի մեջ, և դրա պահանջների բավարար իմացությունը, պահպանումն ու կիրառումն ունեն առաջնահերթ կարևորություն գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար (տեղական ինքնակառավարման մարմիններ, ոստիկանություն, հավաքների կազմակերպիչներ (ղեկավարներ), կարգադրիչներ և այլն)։

Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է մի շարք նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը.

Հավաքին մասնակցող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հավաքի կազմակերպիչը՝ ղեկավարն է որոշում հավաքի ընթացքը, այդ թվում՝ որևէ քաղաքացու ձայն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը։ Հավաքի կազմակերպիչը (ղեկավարը) և ոստիկանության իրավասու ներկայացուցիչները պետք է համագործակցեն՝ ի թիվս այլոց, ապահովելու համար հավաքի անցկացման վայրից հավաքի բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիներին հեռացնելու ոստիկանության գործառույթի համաչափ իրացումը։ Դա հատկապես կարևոր է խախտման «կոպիտ» բնույթը գնահատելու հարցում միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու առումով։ Հավաքի կազմակերպչի (ղեկավարի) կողմից նշանակված կարգադրիչները պետք է կրեն օրենքով սահմանված տարբերանշաններ, և նրանց պետք է բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։­ Այս հարցում ևս ցանկալի է հավաքի կազմակերպչի (ղեկավարի) և ոստիկանության համագործակցությունը։ Հավաքի ընթացքում ակնհայտ վիրավորանք պարունակող կոչերի ու հայտարարությունների հնչեցումն անընդունելի է և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը։ Քաղաքացիների կողմից մարդու իրավունքների չարաշահումը նույնպես վտանգավոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի տեսանկյունից, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am