Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը

Armenpress 16:05, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելահեղ ռիթմերի, զանազան էքստրեմալ խաղերի ուղեկցությամբ հուլիսի 21-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող  «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը տոնեց ծննդյան  տարեդարձը: Այս իրադարձությունը կրկնակի հաջողված էր «Allianplace», «The Windrose», «Project 12» և «Նեմրա» խմբերի անկրկնելի կատարումների շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարային մասն ապահովեցին DJ Beatman-ը, Arik K-ը, Lucy  Sowa-ն և Big Bro-ն: Միջոցառումը վարեց դերասան Արսեն Գրիգորյանը: Երեկոյի ավարտին ծննդյան տոնի հյուրերը վայելեցին տարեդարձի խորհրդանշական  թխվածքաբլիթները:

«Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի խոստացել են աշխարհում ամենաերկար զիփլայն (ZipLine)-ը ստեղծել, սակայն ինժեներական և այլ խնդիրների ի հայտ գալու պատճառով այդ գաղափարը կյանքի չի կոչվել: «Մինչ մենք փորձում էինք կարգավորել մի շարք հարցեր, հայտարարվեց Դուբայում կառուցվող ամենամեծ զիփլայնի մասին լուրը, իսկ հիմա խոսվում է Հարավային Կորեայում ավելի երկար զիփլայնի բացման մասին: Ներկայումս անում ենք ամեն ինչ,  որ այս տարածքում գտնվող մի սարի գլխից  հնարավոր լինի թռչել և հասնել մյուս բլուրին: Դա կլինի 2400 մետր երկարությամբ զիփլայն, և այն կընդգրկվի աշխարհի տասը ամենաերկար զիփլայնների շարքում»,-շեշտեց Չիբուխչյանը:

Նա ընդգծեց, որ այս  տարի աշխատում են ընդլայնել պարկի ծառայություններն ու ենթակառուցվածքները:

Անդրադառնալով դեպի Ենոքավան զբոսաշրջիկների հոսքին՝ Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախորդ տարի  55 հազար մարդ է այցելել համայնք: «Այս տարի նախատեսում ենք 65-68 հազար զբոսաշրջիկի հոսք ապահովել: Աշխատում ենք մինչև 2025 թվականը Ենոքավան բերել տարեկան 250 հազար զբոսաշրջիկի»,-խոստովանեց նա:

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ:

Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games) և այլ ծառայություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am