ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ

Armenpress 15:43, 22 Հուլիս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 22   ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հուլիսի 22-ին հենց  Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

«102–րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետ` ճանապարհները, բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։ Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումների մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։ «Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,– փակ խորհրդակցությունից հետո  պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց  նախարարը և փաստեց, որ  ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է, ներողություն է խնդրել։

 Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ  համայնքում  հուլիսի 22-ին,  Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը  կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:

Միջոցառմանը  ներկա էր նաև  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ  Տոնոյանը: Նա, 102-րդ  ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ  համայնքի ղեկավար Վարդան  Մակեյանի հետ նախ  ծաղիկներ  դրեց փանիկցի զոհված ազատամարտիկների և  քառօրյա պատերազմում զոհված զինվորի գերեզմանին:

Հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am