ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը

Armenpress 11:05, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել  հանձնարարականներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։

Հարավային զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանին տիրող իրավիճակի, առաջնագիծը ինժեներական նոր լուծումներով հագեցնելու և անհրաժեշտ սարքերով համալրելու հետ կապված մի շարք հարցերի։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև Մեղրի համայնքում, որտեղ ավարտին է մոտենում սպայական շենքերի շինարարությունը։ Նախարարը շրջել է նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին, համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ քննարկել սպաների բնակավորման հարցերը։ Մեղրիում կառուցվող սպայական շենքերը շահագործման կհանձնվեն օգոստոս ամսին։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am