Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան

Armenpress 16:05, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապշած է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ստացվող տեղեկություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետն ասաց հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում:

«Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ուղղակի ապշած եմ ստացված տեղեկություններից:  Ես մեկ-մեկ ասում էի՝ այնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր՝ վարչապետ ընտրվելուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է: «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե այդպիսի բան ո՞նց է հնարավոր: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք և այլն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է՝ էլ մի շարունակի, ես պատրաստ չեմ մեկ օրում այսքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունս եմ ուզում պաշտպանել: «Խնդրում եմ՝ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ այսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք: Ու սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որ ամեն օր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է, որ թալանվում է երկիրը, որ կոռուպցիա է, «բեսպրեդել» է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել, ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ: Մենք ասում ենք՝ նպաստների ոլորտում կոռուպցիա կա. կոռուպցիա՞: Կոռուպցիան ի՞նչ է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am