Փաշինյանը կարևորեց ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտությունը

Armenpress 14:48, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել է իր մտահոգությունը այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր առիթներով:

Փաշինյանն ընդգծեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջարկել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացվի: «Եթե մենք ՀԱՊԿ ենք, ապա մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր: Եկեք ճշտենք դրա շրջանակն ու պահպանենք այն: Մեր խնդիրն է՝ բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակում, մեծացնել կազմակերպության արդյունավետությունը: Մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ասաց վարչապետը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող նույնիսկ հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության: Մենք պետք է այս բոլոր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր և անկեղծ»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ Մոսկվա կատարած վերջին այցից հետո հայտարարել էր, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների: «Մենք բացառապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում բոլորի հետ: Մեր որևէ հարաբերության մեջ չկա և չի կարող լինել որևէ դավադրություն մյուս գործընկերոջ նկատմամբ: Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ և թափանցիկ: Ինձ չի հետաքրքրում անգամ՝ այդպես ընդունված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թե ոչ: Ես հարաբերությունները պատկերացնում եմ այդպես: Խոսակցությունը Բելառուսի նախագահի հետ եղել է այս համատեքստում՝ ուղիղ և պարզ: Այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր առիթներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ազգովի ամեն րոպե պատրաստ լինի պատերազմի, որովհետև մեր երկրի, հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր առաջնահերթություն մենք չունենք: «Մենք գիտենք, որ մեր ռազմավարական գործընկեր, մեր եղբայր Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու լծակներն Ադրբեջանին թույլ չտալ գնալու սադրանքի՝ թե երկարաժամկետ , թե կարճաժամկետ առումով: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն այդ լծակները չի գործադրի»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am